Արցախից բռնի տեղահանված էնդոկրին խնդիրներ ունեցող երեխաները կարող են դիմել «Մուրացան» հիվանդանոց
Ինչպես համալսարանական հիվանդանոցների շատ ստորաբաժանումներ, այնպես էլ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկան արդեն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին:
Կլինիկայի ղեկավար, Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, մանկական էնդոկրինոլոգիայի գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Ելենա Աղաջանովան նշում է, որ բուժառուները տեղեկացվում են և հավաքագրվում են բոլոր հնարավոր ճանապարհներով, հայտնում են հիվանդանոցից։
«Այդ թվում այնտեղի մեր բժիշկների, «Ֆեյսբուքի», արցախցիների հետ աշխատող բարեգործական հիմնադրամների միջոցով»,- մանրամասնում է պրոֆեսոր Աղաջանովան` տեղեկացնելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր երեխաները, որոնք ունեն արդեն հաստատված էնդոկրին խնդիրներ կարող են դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, հատկապես «Արևիկ» ԲԿ-ում դիսպանսերում գրանցված երեխաները:
Այն երեխաները, որոնք առաջին անգամ պետք է այցելեն մանկական էնդոկրինոլոգին, պետք է բերեն ուղեգիր տեղամասային պոլիկլինիկաից։
Կլինիկան պատրաստ է անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն տրամադրել նաև մեծահասակներին. «Ցավոք, չենք կարող նրանց օգնել դեղերով և չենք կարող հոսպիտալացնել 23 տարեկանից բարձր մեծահասակներին»:
Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավարի և իր ղեկավարած ասոցիացիայի գործունեությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղին, արդեն ամիսների պատմություն ունի: Տևական ժամանակ է նա բանակցում էր Էնդոկրինոլոգների եվրոպական միության և Մանկական Էնդոկրինոլոգների եվրոպական միության հետ ինչպես տեղեկատվական աջակցության, այնպես էլ էնդոկրին հիվանդություններ ունեցող Արցախի բնակիչներին դեղերի տրամադրման ուղղությամբ:
Արդյունքն այն էր, որ օգոստոսի վերջին եվրոպական այդ հեղինակավոր կազմակերպությունը աջակցություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի էնդոկրին համայնքին` հրապարակելով համապատասխան արձանագրություն, որը հասանելի է կազմակերպության կայքում և ուղարկվել է բոլոր անդամներին:
Ելենա Աղաջանովայի դիտարկմամբ` սա հաջողություն էր, քանի որ աջակցության տեքստը ուղղվել էր նաև ասոցիացիայի բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներին, տերածվել մամուլի հաղորդագրությամբ:
ԼՂ-ից ժամանած էնդոկրին խնդիրներ ունեցող քաղաքացիներին դեղերով ապահովման, մեծահասակներին բուժօգնության տրամադրման հարցը շարունակում է արդի մնալ և այսօր հայաստանյան էնդոկրինոլոգիական համայնքը երկու միջազգային դեղագործական ընկերությունների հետ քննարկումներ է վարում դեղերի նվիրատվության հարցերով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան