Մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստան, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին
«Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այն, ինչը ես պետք է ասեմ ձեզ, մեծ վտանգներ է պարունակում և Հայաստանի, և Արցախի հետագա ճակատագրի համար»,- Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին ասաց Արցախի Հանրապետոթյան նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա նշեց, որ բոլորն էլ շատ դժվար վիճակում են, ծայրահեղ ծանր վիճակում։
«Այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Ուզում եմ ձեր բոլորին վստահեցնել՝ մեր թշնամին մեկն է, բոլորս էլ դա գիտենք։ Իմ արած բոլոր քայլերի համար պատասխանատու եմ ձեր բոլորի ու ձեր ընտանիքների առաջ։ Իմ կայացրած որոշումներով էլ եմ ես պատասխանատու բոլորի առաջ»,- ասաց Շահրամանյանը։
Նա ընդգծեց, որ պատրաստ է բոլոր հարցերի վերաբերյալ խոսել, հանդիպել բոլորի հետ, քննարկելու ինչում իրեն մեղադրում են կամ ինչ հարցեր ուղղեն իրեն։
«Բայց մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք»,- ասաց Արցախի նախագահը։
Նա առաջարկեց հաջորդ շաբաթ հանդիպել։ Սակայն դա առաջացրեց ներկաների դժգոհությունը։
«Ամեն ինչը պատասխան ունի»,- ասաց Շահրամանյանը։
Ներկաներից մեկն ասաց. «Դուրս չեկաք ու հեռուստացույցով չասացիք՝ բենզինի պահեսի պայթյունից այսքան մարդ է մահացել, ցավակցում եմ, այսքան զոհ ենք տվել, ցավակցում եմ»։
Իրավիճակը անընդհատ լարվում է։
«Խնդրում եմ ընտրեք ձեր միջից 20-30 հոգի մարդ, դահլիճում հանգիստ զրույց ունենաք»,- որպես տարբերակ առաջարկեց Արցախի նախագահը։
Երկրորդ տարբերակը հաջորդ շաբաթվա սկզբին հանդիպում կազմակերպելն է։