Այս սերունդը հոգատարության կարիք ունի. Տիգրան Մանսուրյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի հետ:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հանդիպումը տեղի է ունեցել «Հակոբ Հակոբյան 100. Հոգու հայելի» ցուցադրության շրջանակում. ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ցուցասրահներում, ծանոթացել նմուշներին: Տիգրան Մանսուրյանը կիսվել է Հակոբ Հակոբյանի մասին հուշերով, պատմել է Արտավազդ Փելեշյանի նկարի ստեղծման պատմության, Ժանսեմի հետ մտերմության մասին:
«Հակոբ Հակոբյանի յուրաքանչյուր կտավ բարոյականության դաս է իր մաքրությամբ»,- ասել է մաեստրոն անվանի գեղանկարչին բնորոշելիս:
Տիգրան Մանսուրյանի գնահատմամբ՝ Հայաստանում կան տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորներ, որոնք դեռ լսարան չունեն, և պետք է ամեն կերպ խրախուսել նրանց:
«Այս սերունդը հոգատարության կարիք ունի»,- ասել է Տիգրան Մանսուրյանը։
Մաեստրոն նաև տեղեկացրել է, որ միջնադարյան տաղերգու Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա երաժշտական շարք է գրել, որը կրում է «Հայրեններ՝ սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» խորագիրը: Շարքը դեռևս չի ձայնագրվել:
Ոգեշնչվելով Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսից՝ քննարկվել է գեղանկարչության և երաժշտության միջև երկխոսություն ստեղծելու և երիտասարդ կատարողներին ներգրավելու գաղափարը. Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր սրահներում երիտասարդ կոմպոզիտորների հետ համագործակցաբար հնչեցնել թե՛ Մանսուրյանի հայրենների շարքը, թե՛ նրանց ստեղծագործությունները:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբետ Մլքեյանը ներկայացրել է երգչախմբի գործունեության մանրամասները, առկա խնդիրները, ձեռք բերած հաջողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան