Երկու ամիս ուշացումով դպրոց հասած գիրքը թերթահան է լինում
Տարրական դասարաններում դասավանդվող մայրենիի դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հարցով դիմել է ուսուցիչներին.
«Սիրելի՛ ուսուցիչներ:
Մեկ շաբաթ է արդեն, որ ՄԱՅՐԵՆԻ 2 դասագիրքը (Վաչագան Ա. Սարգսյան և ուրիներ) վերջապես մուտք է գործել հանրակրթական դպրոցներ:
Խնդրում եմ գրեք՝ կա՞ն դպրոցներ, որ դեռ չեն ստացել դասագիրքը»։
Ի պատասխան մի քանի տասնյակ դպրոցների անուններ են հնչել մեկնաբանություններում։ Մոտ հինգ ուսուցիչ պատասխանել է, որ ստացել են։ Նրանցից երկուսը դժգոհություն են հայտնել գրքի կազմման որակից.
«Մենք երեկ ենք ստացել, բայց թերթերն ինքն իրեն դուրս են գալիս, ահավոր անորակ է կարված։
Երեկ ենք ստացել։ Բայց որակով չի ամրացված գիրքը, դեռ ոչինչ թերթահան է լինում դասագիրքը»։
Մի օգտատեր էլ արձագանքել է. «Այո, Արմավիրի մարզ գյուղ Նորակերտ։ Էջմիածնի գրախանութները առատորեն լցված են գրքերով, իսկ երեխաները դեռ քսերոքսներով են աշխատում»։