Տարեսկզբից խոլերայի բռնկումներ են գրանցվել ավելի քան 30 երկրում. ԱՀԿ
Խոլերայի բռնկումներ այս տարի գրանցվել են առնվազն 31 երկրներում, աշխարհում հիվանդանալու վտանգի տակ է մոտ 1 մլրդ մարդ: Այս տվյալները Ժնևում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների առջև ունեցած ելույթում ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
«Այդ հիվանդությունը մենք վաղուց պետք է հաղթեինք, սակայն փաստացի այն աճում է», - ասել է ԱՀԿ ղեկավարը:
Նա ընդգծել է, որ խոլերայով հիվանդանալու մասին հաղորդումների թիվը 2022 թվականին կրկնապատկվել է 2021 թվականի համեմատ, իսկ «ընթացիկ տարում ավելի վատ կլինի»: Գեբրեյեսուսը հայտնել է, որ «առնվազն 31 պետություն 2023 թվականին խոլերայի բռնկումներ է ունեցել, և որ մեկ միլիարդ մարդ վտանգի տակ է»:
«Այժմ առավել մտահոգիչ են Բուրունդիում, Կամերունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Տանզանիայում, Սուդանում, Սիրիայում և Զիմբաբվեում բռնկումները», - շարունակել է գլխավոր տնօրենը: Աֆրիկյան մայրցամաքի հարավում «զգալի առաջընթաց է գրանցվել» այս հիվանդության դեմ պայքարում, սակայն «անձրևների սեզոնը մեծացնում է լուրջ բռնկումների վտանգը»:
«Հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ այն երկրները, որոնք տարիներ առաջ արմատախիլ են արել խոլերան, այս տարի բախվել են այդ հիվանդությանը»,- ասել է Գեբրեյեսուսը:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել 160 միլիոն դոլար հատկացնել այս հիվանդության դեմ պայքարելու համար։ «Եկել է ժամանակը գործելու այս կոչով՝ խուսափելու անհարկի մահերից»,- հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին