Սրտաբանը թվարկել է սրտի ու անոթների համար ամենավնասակար մթերքները
Առողջ ապրելակերպը և ճիշտ սնունդը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման կարևորագույն գործոններն են։ Այս մասին «Գազետա․ռու»-ի ասել է սրտաբան Աննա Բիրյուկովան։
Բժշկի խոսքով՝ տրանս-ճարպերը սննդի մեջ հայտնաբերված ճարպերի ամենավնասակար տեսակն են։ Օրգանիզմը չի կլանում տրանսճարպերը, ուստի դրանք երկար ժամանակ մնում են արյան մեջ՝ բարձրացնելով «վատ» խոլեստերինի մակարդակը և մեծացնելով աթերոսկլերոզի առաջացման վտանգը։
«Տրանս-ճարպերն օգտագործվում են ճարպերի և յուղերի (մարգարին, սփրեդ, կակաոյի կարագ և կաթի ճարպի փոխարինիչներ), արագ սննդի (կարտոֆիլի ֆրի, խորտիկներ, բուրգերներ, ադիբուդի) և հրուշակեղենի (շոկոլադ, տորթեր, թխվածքաբլիթներ, կոնֆետներ) արտադրության մեջ։
Սննդամթերքում 100 գ ճարպի դիմաց ոչ ավելի, քան 2 գ տրանս-ճարպերի պարունակությունը համարվում է համեմատաբար անվտանգ: Արտադրողները հաճախ անտեսում են դա: Բացի այդ, պարզապես անհնար է հաշվարկել տրանսճարպերի քանակը այնպիսի ապրանքներում, ինչպիսիք են ադիբուդին, կարտոֆիլի ֆրին և այլն․ դրանց կկալ արժեքները արտադրողների կողմից նշված չեն փաթեթավորման վրա:
Հագեցած ճարպերը նույնպես բարձրացնում են վատ խոլեստերինի մակարդակը: Դրանք հիմնականում հանդիպում են յուղոտ կաթնամթերքում (յուղոտ պանիրներ, կաթնաշոռ), մսամթերքի (խոզի միս), հրուշակեղենի և բուսական յուղերի մեջ՝ արմավենու և կոկոսի յուղեր»,- պարզաբանել է նա։
Սեղանի աղը ևս կարելի է համարել պայմանականորեն վտանգավոր մթերք, քանի որ օգուտները սկսում են փոխարինվել վնասով, երբ այն չափազանց սպառվում է:
«Օրական ավելցուկային սպառումը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կուտակման, այտուցների, հիպերտոնիայի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների զարգացմանը։ Կարևոր է հիշել, որ մարդու կողմից օրական օգտագործվող աղի 80%-ը «թաքնված աղ» է։ Սա այն աղն է, որն արդեն պարունակվում է մթերքներում։ Եթե նկատի ունենանք, որ սնունդ պատրաստելիս մենք աղ ենք լցնում, իսկ ոմանք աղ են լցնում նաև արդեն պատրաստի սննդի մեջ, ապա պարզ է դառնում, որ օրական սպառումն արդեն գերազանցում է նորման։ Առավելի աղի են հացը, երշիկեղենը, ապխտած մթերքները, արագ սնունդը, կիսաֆաբրիկատները, բուլյոնի խորանարդները, պահածոները, չիփսերը, ձիթապտուղները, լոլիկի հյութը, մայոնեզը, սոյայի և այլ սոուսներ։ Շատ աղ է «թաքնված» թխվածքաբլիթների, նախաճաշի համար նախատեսված որոշ հացահատիկների և մեզ ծանոթ նախուտեստների մեջ»,- հավելել է բժիշկը:
Սրտի և արյան անոթների համար ամենավտանգավոր մթերքների վարկանիշը հնարավոր չէ կազմել առանց շաքարի, որը հսկայական քանակությամբ հանդիպում է հրուշակեղենի, կաթնային կոկտեյլների և այլ քաղցր կաթնամթերքի, քաղցր գազավորված ըմպելիքների, մրգերի և մրգահյութերի մեջ:
«Դուք պետք է հաշվի առնեք ոչ միայն թեյի մեջ լցրած շաքարը։ Շաքարավազը հանդիպում է գրեթե բոլոր մթերքների մեջ։ Շաքարի ավելցուկի օրգանիզմ մտնելու պատճառով խանգարվում է նյութափոխանակությունը, առաջանում է գիրություն։ Շաքարն առաջացնում է թիամինի խիստ պակաս, որը կարող է հանգեցնել սրտի մկանային հյուսվածքի դիստրոֆիայի և այլ ծանր հետևանքների»,- նշել է սրտաբանը։
Բժիշկը առանձնահատուկ կարևորել է նաև վերամշակված մսամթերքը և կիսաֆաբրիկատները, որոնք պարունակում են մի շարք կոնսերվանտներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին