Հաջորդ շաբաթ Արցախից բռնի տեղահանվածներին կփոխանցվեն բնակարանի վարձակալության գումարները
Արցախից բռնի տեղահանվածների շուրջ 95 տոկոսին փոխանցվել են միանվագ 100-հազարական դրամները։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ նախօրեին 15 207 անձի բանկային հաշիվներին ևս փոխանցվել են 100-հազարական դրամները, որոնցից 9447-ը անչափահասներ են, 5760-ը՝ չափահաս:
«Այս պահի դրությամբ ընդհանուր թվով 95 200 անձստացել են գումարները, այսինքն՝ 95 տոկոսը մենք գրեթե հատել ենք։ Նշեմ, որ որոշ մասի գումարները փոխանցվելու են նաև «Հայփոստի» միջոցով։ Այդ խմբին պատկանում ենք 75 տարեկանից բարձր տարիքի մարդիկ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցողները»,- ասաց նա։
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կփոխանցվեն նաև վարձակալության գումարները:
«Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր անձին վարձակալության համար նախատեսված է 40-հազարական դրամ, 10-հազարական դրամ էլ՝ կոմունալ ծախսերի համար։ Դրանք տրամադրվում են և՛ չափահասներին, և՛ անչափահասներին»,- ասաց նա՝ հավելելով, որ վարձակալության գումարները տրամադրվելու են առաջիկա 6 ամիսների համար:
Նազելի Բաղդասարյանը նաև հայտնեց, որ բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված ընտանիքներում 88 երեխա է ծնվել։ Երեխաներից 45-ը ծնվել են Երևանում, 43-ը՝ ՀՀ մարզերում