Որպեսզի հողը չփախնի իրենց ոտքի տակից. Փաստաբանը՝ Ավինյանի կողմից Ջոմարդյանին պարգևատրելու մասին
«Մեր իշխանության միակ պատվարն ու սատար ուժը հանդիսանում է ոստիկանությունը։ Այսօր իշխանության միակ նպատակն է ամեն ձևով պարգևատրել, խրախուսել ոստիկանությանը, որ հողը չհեռանա իրենց ոտքի տակից»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրելու մասին Տիգրան Ավինյանի որոշումը։
Հովհաննիսյանն ընդգծեց, հարցը ոչ թե իրավական, այլ բարոյական հարթության մեջ է։
Հիշեցնենք, որ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառելու դեպքով հարուցված քրեական վարույթի շրջանակում առերսաման ժամանակ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (կարմիր բերետավորներ) հրամանատար Հայկազ Ջոմարդյանը հայտարարել է, որ ծնողներին բերման ենթարկելու հրամանն ինքն է տվել:
Հարցին, դեռ քրեական գործը քննության ընթացքում է, որքանո՞վ այս պարգևատրումը կարող է ազդել հետագայում դատարանի հնարավոր որոշման վրա, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց.
«Մենք դեռևս չգիտենք, այդ գործով կհասնե՞նք դատարան, թե՞ ոչ։ Արդեն երկրորդ տարին է, որ գործն իր տեղում դոփում է։ Անգամ դատարանի հույս չունենք այս պահին»։