Գազայի հիվանդանոցներում մարդիկ պառկած են հատակներին. Կոլապսի ահազանգ
Գազայի հիվանդանոցները «կոլապսի եզրին են»։ Ահազանգել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA)։
Ըստ Գրասենյակի, բուժվող կամ բուժման սպասող հիվանդների թիվը կազմում է հիվանդանոցների հզորության 150%-ը, մարդիկ պառկած են հատակներին, միջանցքներում։
CNN-ի փոխանցմամբ, Գազայում առաջնային առողջապահական հաստատությունների 60%-ը փակվել է, հիվանդանոցները դժվարանում են աշխատել էլեկտրաէներգիայի, դեղորայքի, սարքավորումների և մասնագիտացված անձնակազմի պակասի պայմաններում:
Գազայի երեք շրջաններում՝ Միդլ, Խան Յունիս և Ռաֆահ նախկին 22 առողջապահական հաստատություններից միայն ութն են մատուցում ծառայություններ, այն էլ միայն ծայրահեղ ծանր հիվանդներին և ոչ վարակիչ հիվանդությունների բուժման կարիք ունեցողներին։
Տարածաշրջանում ջրի հետ կապված իրավիճակը նույնպես շարունակում է մնալ ծանր. Վերջին գործող աղազերծման կայանը փակվել է անցյալ կիրակի վառելիքի բացակայության պատճառով, արդեն չի գործում գործող վերջին կեղտաջրերի մաքրման կայանը։
«Շշալցված ջուրը հիմնականում անհասանելի է, և դրա գինը այն դարձրել է անմատչելի ընտանիքների մեծ մասի համար։ Սանիտարական վիճակը վատթարանում է. Գազայում կեղտաջրերի մաքրման բոլոր հինգ կայանները փակվել են էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով, ուստի մեծ քանակությամբ կոյուղաջրեր են թափվում ծովը»,-նշում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Գազայում գերեվարված ամերիկացի մայր և դուստրն ազատ են արձակվել
- Գազայի հատվածի բոլոր բնակելի շենքերի մոտ 30%-ն ավերված կամ վնասված է.ՄԱԿ
- Գազայի ուղղափառ եկեղեցու վրա հարձակման հետևանքով 18 մարդ է զոհվել