Արցախցիների խնդիրները լուծելու համար մարզպետարաններին հատկացվել է 2 մլրդ 260 մլն դրամ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջին օրվանից համակարգում է մարզպետարանների, համայնքների, վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատուների աշխատանքը, որն առաջին հերթին ուղղված է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության խնդիրներին լուծումներ տալուն: Այսօր Կառավարության հումանիտար կենտրոնում ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
«Այսօր ունենք շուրջ 55 հազարից ավելի անձինք, որոնք ուղղորդվել են մեր համակարգերի կողմից դեպի կեցավայրեր, և ավելի քան 25 հազար մարդ, որոնք սեփական նախաձեռնությամբ գտել են իրենց ժամանակավոր կացության վայրը: Նրանք բոլորը գտնվում են մեր ուշադրության և հոգածության ներքո, և բոլոր վարչական ղեկավարները աշխատում են այդ ուղղությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ վարչական ղեկավարները ԱՍՀ նախարարության, մասնավորապես, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ, ամենօրյա ռեժիմով գնահատում են նրանց կարիքները, ինչպես նաև տանում են ընթացիկ հաշվառում:
Վաչե Տերտերյանի խոսքով՝ շատ ընտանիքներ տեղափոխվում են իրենց կեցության վայրերից և ընտրում են հարմար կեցավայրեր՝ պայմանավորված ընտանիքների վերամիավորումով, բարեկամներին մոտ լինելու հանգամանքով, ինչպես նաև աշխատանքով պայմանավորված։
Ներկայացնելով, թե վերջին երեք-չորս օրվա ընթացքում քանի մարդ է հյուրանոցները և հյուրատները թողել և տեղափոխվել իրենց ընտրությամբ բնակության այլ վայրեր, Վաչե Տերտերյանը նշեց, որ առաջին օրը տեղափոխվել է 500 մարդ, երկրորդ օրը՝ 200 մարդ» «Աայսօր մեզ մարզերից տեղեկացրել են, որ շուրջ 305 մարդ նորից տեղափոխվել է, ինչը դրական միտում է, որովհետև այս դեպքում մարդիկ իրենք են ընտրում իրենց կեցավայրը»,- ասաց նա։
Փոխնախարարը հայտնեց, որ կառավարութունը ավելի քան 2 մլրդ 260 մլն դրամ է հատկացրել մարզպետարաններին: «Այդ գումարները տրամադրվել են մարզպետներին մի քանի ուղղությամբ՝ սննդի, հյուրանոցի, հյուրատան կամ որոշակի նպաստի տրամաբանության մեջ: Նպաստի, որը դրամական չէ, այլ ավելի շատ կենցաղային ամենաառաջին անհրաժեշտության խնդիրներ լուծելու համար»,- ընդգծեց Վաչե Տերտերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան