«Հայասաթ-1»-ի ուղևորությունը դեպի տիեզերք կմեկնարկի նոեմբերի 30-ին
«Հայասաթ-1» արբանյակը միայնակ չի ճանապարհվելու տիեզերք: Ակս մասին հայտնում են «Բազումք» կենտրոնից ու մանրամասնում, որ «Հայասաթ-1»-ի հետ մեկտեղ նույն հրթիռով արձակվելու են տասնյակ այլ փոքր արբանյակներ։
Ուրեմն, SpaceX ընկերությունն ունի SmallSat Rideshare անվամբ մի ծրագիր, որի շրջանակում իրականացվող Transporter անվամբ առաքելությունների ժամանակ Falcon-9 հրթիռը վերածվում է «իսկական ավտոբուսի»` տիեզերք հասցնելով պետական և մասնավոր ընկերությունների պատկանող տասնյակ փոքր արբանյակներ։
Բանն այն է, որ այս դեպքում մեկ մեծ արբանյակի փոխարեն Falcon-9 հրթիռը բեռնվում է տարբեր ընկերությունների փոքր արբանյակներով, ինչի արդյունքում թռիչքի ամբողջական ծախսը կիսվում է վերոնշյալ ընկերությունների միջև:
Այս ծրագիրը հնարավորություն է տալիս փոքր արբանյակներ արտադրող ընկերություններին անհամեմատ մատչելի գներով իրենց արբանյակը հասցնել երկրաշուրջ ուղեծիր։
Առաջին նմանատիպ առաքելությունը` Transporter-1-ը, մեկնարկել է 2021 թվականի հունվարին, ինչի արդյունքում տիեզերք են ուղարկվել մեկ թռիչքի համար ռեկորդային քանակի` 143 արբանյակներ։
Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա այս տիպի հաջորդ առաքելությունը` Transporter-9-ը, որի շրջանակում էլ հայրենական «Հայասաթ-1» արբանյակը ուղարկվելու է տիեզերք, կմեկնարկի նոյեմբերի 30-ին։
Հիշեցնենք, որ «Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք»-ի և Center for Scientific Innovation and Education -ի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենական առաջին արբանյակը տիեզերքում «կհնչեցնի» Կոմիտասի «Կաքավիկ»-ը
- Hayasat-1 հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերը
- «Հայասաթ-1» հայկական արբանյակի երկրային նմուշի թռիչքի փորձարկումը DigiTec 2023-ում
- Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ HayaSat-ը պատրաստ է Եվրոպա մեկնելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան