Առաջնահերթ պաշտպանական բնույթի են. Քոչարյանը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք զենքի մասին
«Հայաստանի պաշտպանության նախարարը Ֆրանսիայում իր գործընկերոջ հետ քննարկելու է բազմաթիվ հարցեր՝ կրթականից սկսած և ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ իրենց տեղը կգտնեն այս հանդիպման ընթացքում»,- լրագրողներին ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ ցանկացած պետություն պետք է մեծացնի համագործակցության շրջանակն ու քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն։
«44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ մենք, ոնց որ թե, այդ հարթակներում պետք լուրջ աշխատանք ծավալենք ու ոչ միայն ունենանք բարեկամներ, այլ նաև ունենանք այնպիսի հարաբերություններ, որոնք առաջին հերթին միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական, որպեսզի մեր երկրի կայունությանն առնչվող բոլոր հարցերը ստանան իրենց պատշաճ լուծումները», - ասաց Ա. Քոչարյանը։
Նա նշեց, որ հակաօդային պաշտպանությունը Հայաստանի առաջնահերթ լուծվելիք խնդիրներից է։
«Բայց նաև պաշտպանվածության մակարդակի բարձրացումը խոսում է ոչ միայն դրան հակազդելու, այլ նաև պաշտպանված լինելու մասին։ Զինվորը պետք է օդից էլ պաշտպանված լինի, օդից եկող հրթիռից էլ պետք է պաշտպանված լինի, այսինքն՝ սրանք հարցեր են, որոնց լուծումները ամենօրյա ռեժիմով դառնում են իրականություն», - ասաց Քոչարյանը։
ՔՊ-ական պատգամավորը հաստատեց՝ Ֆրանսիան Հայաստանին կտրամադրի պաշտպանական բնույթի զենքեր։
«Այո, առաջնահերթ պաշտպանական բնույթի են, որովհետև հարձակողական զենքեր ոչ մեկն այսօր չի տալու ոչ մեկին, որովհետև դրանք ռազմական այլ կոնցեպտ են թելադրում», - ասաց Ա.Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. փոխնախարար
- Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
- Ֆրանսիան և Հայաստանը հոկտեմբերի 22-ին սպառազինություն գնելու պայմանագիր կկնքեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան