Ապագա չեմ տեսնում ո՛չ Հայաստանում, ո՛չ առավել ևս` Արցախում. Թաղավարդցի ուսուցչուհի
«Երկու օր մնալով անտառում` հարազատներիցս ոչ մեկ լուր չուներ, թե որտեղ եմ գտնվում, ինչ վիճակում։ Կապ, հոսանք չկար»,-Panorama.am-ին ասաց Թաղավարդ-Կալեր գյուղից տեղահանված ուսուցչուհի Մարալ Ղաբուլյանը, ով մի շարք արցախցիների հետ ակցիա էր իրականացնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով քաղաքական ապաստան։
«Թաղավարդ գյուղը 2020 թվականին կիսվել էր, ադրբեջանցիները մտել էին գյուղ, կեսն արդեն իրենք էին, սակայն թաղավարդցիները հույսները չէին կորցրել: Անձամբ ես նոյեմբերի քսանյոթին հետ եմ գնացել ու բնակություն հաստատել իմ տանը։ Վերականգնել ու վերանորոգել ենք տները, ջերմոցը…վերանորոգել ենք ու սկսել մեր ապագան տեսնել Արցախում։ Բազմիցս մեծ դժվարությունների միջով ենք անցել՝ հույս ունենալով, որ լավ կլինի, նույնիսկ 2023 թվականի տարհանումից հետո դեռ հույս ունեինք, որ պիտի լավ լինի»,-հիշում է թաղավարդցի կինը։
Վերջինս նշեց, որ միանում է նախաձեռնությանը, ստորագրահավաք են կազմակերպել, և հետևողական են լինելու, որ իրենց պահանջը բավարարվի, քանի որ, ըստ իրենց, ուրիշ տարբերակ չունեն:
«Երեսունյոթ ընտանիք արդեն ստորագրել է, բայց սա վերջնական թիվը չէ»,-ասաց նա։
Առաջին անգամը չէ, որ տարհանվում են ընտանիքով, սակայն միշտ հույս են ունեցել, որ ապրելու են Արցախում.
«Ես Շահումյանի փախստական եմ, բայց այնտեղից էլ տարհանվելով հույս ունեի, որ պիտի մնամ Արցախում։ Ինձ համար մեծ հարված է, որ ես Հայաստանից պիտի դուրս գամ, ես ամուր կառչած էի հայրենիքիցս, սակայն քսաներեք թվականից հետո այլևս հույս չունեմ»։
Տիկին Մարալը ցավով է նշում, որ ստիպված է գնում այս քայլին. «Ապագա չեմ տեսնում ո՛չ Հայաստանում, ո՛չ առավել ևս Արցախում։ Մեծ ուրախությամբ կվերադառնայի Արցախ, եթե ապահովեին իմ անվտանգությունը, բայց ոչ ոք, նույնիսկ խաղաղարար զորքը դա չի կարող անել»։
Թաղավարդ-Կալեր դպրոցի դասվարը բարկանում է, երբ Հայաստանում ասում են, որ ար արցախցիներին փոխանցում են կոմունալ տասը հազարական դրամներ և քառասուն հազար դրամ․ «Ես համաձայն եմ, բարի եղեք ինձ ապահովել բնակարանով, քառասուն հազարը ես իմ գրպանից տալիս եմ։ Ես դասվար եմ դպրոցում, կտրել են ու չեն տվել նույնիսկ սեպտեմբեր ամսվա աշխատավարձը, որը ես իրոք աշխատել եմ։ Այսքանից հետո մնալու ելք կա՞…Ցավում եմ, բայց սա է մեր իրականությունը»։
Զրույցի վերջում Մարալ Ղաբուլյանը արցունքները զսպելով հիշեց, թե ինչպես են կարողացել տեղահանվել ու Հասնել Հայաստան.
«Ահավոր վիճակ էր, գյուղից բեռնատար մեքենաներով, տրակտորներով տարհանեցին, մեկս մյուսին կորցրած գնացինք անտառներով, ռուսի մոտով անցնելիս նույնիսկ ռմբակոծեցին մեզ, հետո տեղափոխվեցինք Կոլխոզաշեն գյուղի դպրոց, որտեղ գտնվում էին ամբողջ Թաղավարդն ու Կարմիր շուկա գյուղերը, մի սենյակում երեսունից քառասուն հոգի՝ գետնին պառկած, առաց շոր դողում էինք։ Հույսս արդեն կորցրել եմ»: