Աշտարակում կառուցվում է 44-օրյա պատերազմում անմահացած Գոռ Թումանյանի անունը կրող կրթօջախ
Կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանը բանակի քաջարի մարտիկներից էր։ Նա փայլում էր ամեն տեղ՝ բեմում, բանակում, ռազմի դաշտում։ Միջազգային բոլոր մրցույթներից հաղթանակներով վերադարձող 20-ամյա Գոռն իր կռվով ու պայքարով ընդմիշտ զինվոր մնաց։
Նրա վերջին երգն ու կռիվը խրամատում էր։ Երգիչ Գոռը զգալի կորուստներ հասցնելով թշնամուն, ոչ մի վայրկյան չերկնչեց և իր կռիվը մինչև վերջ մղեց ու անմահացավ 2020 թվականի հոկտեմբերի 23-ին։
Երբ պատերազմը սկսվում է, Գոռի հայրը որպես կամավոր անմիջապես գնում է առաջնագիծ, որ որդու մոտ լինի։ Հայր ու որդի կողք-կողքի պայքարում են, սակայն 28-րդ օրը Գոռը զոհվում է հոր աչքի առաջ։
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Գոռի հայրը՝ Սեյրան Թումանյանը պատմել էր, որ այդ օրն անսպասելի սկսվում է հրթիռակոծությունը։
«Արկերը պայթում էին մեր կողքին, մի քիչ հանդարտվելուց հետո Գոռին ասացի՝ «Տեսար՝ էսօր ինչից պրծանք», ինչ գիտեի, թե այդ օրն ինձ ինչ է սպասվում։ Մեզանից մի 20 մետր այն կողմ «Կոռնետով» կասեցրեցին թշնամու առաջխաղացումը, սակայն նրանց ուշադրության կենտրոնում հայտնվեց մեր դիրքը։ Երկու անգամ փորձեցին գրավել դիրքը, բայց բազմաթիվ զոհերից հետո հետ քաշվեցին։ Երբ կրակը դադարեց, Գոռիս ասացի՝ սուրճ պատրաստիր միասին խմենք։ Նստեցինք բոլորով՝ զինվոր ու կամավորական։ Ընդամենը մի քանի վայրկյանով գնացի մեկ ուրիշ կողմ ու ավելի ուժգին սկսեցին սմերչով խփել։ Երբ առաջին հարվածը եղավ, անմիջապես վազեցի դեպի Գոռը, երկրորդ անգամ հարվածեց ու Գոռս խփվեց ինձանից 40-50 մետր հեռու, իմ աչքի առաջ։ Ուզում էի վազել կրակի տարափի տակ, բայց ինձ ուժով փորձեցին պահել խրամատում, ես նորից փորձեցի վազել, էլի հարվածեցին ու 4 զինվոր ևս զոհվեցին։ Այդ օրը 8 վիրավոր, 5 զոհ ունեցանք»,- պատմել էր հայրը։
Գոռը երազում էր Իտալիայի Լա Սկալա թատրոնում երգել, բանակում ծառայելու ժամանակ հրավեր էր ստացել Իտալիայից, բայց համաճարակով պայմանավորված խնդիրները թույլ չտվեցին, որ նա գնար, հետո էլ որոշել էին, որ ծառայությունը կավարտի ու պաստրատված կգնա Իտալիա։
«Գոռն ուներ ոսկե մեդալներ, ուներ ճանաչում, 15 տարեկանում արժանացել էր «Աշտարակի պատվավոր քաղաքացի» կոչմանը, 17 տարեկանում՝ Բարսելոնայի։ Ամեն ինչում առաջինն էր, նրան մեծ ապագա էր սպասվում»,- ասում է հայրը։
Գոռի հոր հետ մեր զրույցն ընթանում է Աշտարակ քաղաքի դատարանի հին շենքի բակում։ Այն այսօր ամբողջությամբ վերականգնվում է։ Այստեղ լինելու է Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոն․ որդու ամենամեծ նպատակն են իրականություն դարձնում ծնողները։
Սեյրան Թումանյանը պատմում է, որ կռվի ժամանակ որդին խոսել է իր նպատակների մասին։ Հորն ասել է, որ իր ցանկությունն է իր ծննդավայր Աշտարակում կրթահամալիր բացել․ այսօր այդ դպրոցն արդեն կառուցվում է։
Ներկայում ընթանում են դպրոցի ապաստարանի կառուցման աշխատանքները։ Եռահարկ շենքի առաջին հարկում կլինի թանգարան, որտեղ կներկայացվեն Գոռի իրերը, մեդալներն ու դիպլոմները։
Դպրոցը կառուցվում է ընտանեկան միջոցներով, սակայն, ինչպես Սեյրան Թումանյանն է նշում, մեծ ներդրումներ են անհրաժեշտ կրթամշակութային կենտրոնն ամբողջությամբ վերակառուցելու համար։
Շինարարության ավարտի համար կառավարությունը տվել է 5 տարի ժամկետ, որի շրջանակում ընդհանուր առմամբ պետք է ներդրվի 26 մլն դրամ։ Սակայն, ըստ Սեյրան Թումանյանի, այս տարի ինքն արդեն այդքան գումար կներդնի, քանի որ շենքը հիմնովին վերակառուցվում է։
Գոռ Թումանյանի անունը կրող կրթօջախում կգործեն դաշնամուրային, լարային, փողային-հարվածային, վոկալ-երգչախմբային բաժիններ: Բացի այդ, այստեղ կդասավանդեն պար, կերպարվեստ։
Հոր խոսքով՝ մեծ ծրագրեր են նախատեսում իրականացնել, արդեն իսկ մասնագետներն աշխատում են կրթական ծրագրերի վրա։ Ըստ նրա՝ կրթօջախում աշխատատեղեր կբացվեն ոչ միայն տեղացիների, այլև հրավիրված մասնագետների համար։ Ի դեպ, Կոնսերվատորիայի պրոֆեսորները, Գոռի դասախոսներն արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել դասավանդել այս կենտրոնում։
«Կենտրոնը բաց է լինելու բոլորի համար։ Մեր նպատակն է՝ այն լինի ոչ միայն Աշտարակում ապրող երեխաների, այլև հարակից շրջանների, տարբեր քաղաքների դպրոցականների կրթօջախը»,- ասում է Սեյրան Թումանյանն ու հավելում, որ գործում է նաև «Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային» ՀԿ-ն, որի նպատակն է Գոռի ծննդավայրում, Գոռի անունը կրող դպրոցում կազմակերպել միջազգային մրցույթներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան