Բացվեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 15-րդ փառատոնը
Հոկտեմբերի 22-ին, Կինոյի տանը մեկնարկեց «ՌեԱնիմանիա» 15-րդ հոբելյանական փառատոնը, որն այս տարի նվիրված է հայկական անիմացիայի 85-ամյակին և հայ կինոյի 100-ամյակին։
««ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնն այս տարի իր շուրջ համախմբել է բազմաթիվ ռեժիսորների, անիմատորների, պրոդյուսերների և ոլորտի այլ մասնագետների աշխարհի տարբեր երկրներից ու միջազգային առաջատար ընկերություններից։
Վերջին երկու տարիներին՝ պատերազմով և համավարակով պայմանավորված, «ՌեԱնիմանիան» հարաբերական դադարի փուլում էր։ Փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին անդրադառնալով այս փաստին, նշեց.«Սովորաբար ասում են՝ փառատոնը համարում ենք բացված, բայց մեր դեպքում սիրով ուզում եմ ասել՝ «ՌեԱնիմանիա» փառատոնը կրկին շարունակվում է։ Այսօր, առավել քան երբևէ, մենք ավելի եռանդուն ձևով պետք է շարունակենք մեր գործունեությունը և մեր մշակութային քաղաքականությամբ աշխարհին լսելի դարձնենք Հայաստանի ձայնը, հայկական կինոարվեստի ուրույն ասելիքը, բացահայտենք ու ցույց տանք այն տաղանդներին, որոնց պետք է ճանաչեն բոլորը»։
«ՌեԱնիմանիա» փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, գլխավոր աջակիցը՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Գերատեսչական կառույցների ներկայացուցիչներն իրենց ողջույնի խոսքում շնորհավորեցին հյուրերին ու մասնակիցներին, ևս մեկ անգամ կարևորեցին մշակութային այս կարևոր իրադարձության կայացումը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն փոխանցեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում էր՝ «Առանձնակի ուրախություն է տեսնել համաշխարհային անիմացիոն արվեստի վառ ներկայացուցիչներին քաղաքամայր Երևանում՝ քաղաքակրթություների և մշակույթների բեմահարթակ ու խաչմերուկ հանդիսացող մեր քաղաքում, որն իր գոյության ողջ ընթացքում…»։
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, շնորհավորելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել է, որ այս տարին փառատոնի համար եռակի հոբելյանական է. «2023 թվականին նշվում են Հայ կինոյի 100-ամյա, Հայկական անիմացիայի 85-ամյա, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի 15-ամյա հոբելյանները: «Ռեանիմանիա» փառատոնը երկու տարվա դադարից հետո վերադառնում է մշակութային դաշտ՝ աշխուժացնելու ոլորտը, վերագտնելու և նոր լիցքեր հաղորդելու հանդիսատեսին ու մասնակիցներին»:
Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ արդի տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար կարևոր ուղղություն է, և երիտասարդների կարողունակությունը պետք է ներդնել նաև անիմացիայի ոլորտում՝ նպաստելով բնագավառի զարգացմանը: Դանիել Դանիելյանը վստահություն է հայտնել, որ այս տարի ևս փառատոնը հանրությանը կներկայացնի բարձրարժեք անիմացիոն ֆիլմեր՝ ձևավորելով նոր հիմքեր միջազգային աուդիովիզուալ նյութերի տարածման, ցուցադրության և համատեղ արտադրության համար:
«ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի բացման ֆիլմը ծագումով Իրանից, ֆրանսիայում բնակվող Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան» ֆիլմն էր։ Անիմացիան հերթական անգամ ապացուցեց, որ այն իրականության ու հանդիսատեսի միջև բուֆերային փրկօղակ է՝ խոսելու ամենադաժանի մասին ամենատանելի լեզվով, երբ ծխացող ամպերը, ճախրող ավերակները, սովալլուկ շնաձկները, թափառող կատուները, եռոտանի շները և Աստվածածնի սրբապատկերը պահպանող հայ քահանաները ամբողջանում են մոգական ռեալիզմի կտավում։
Ֆիլմի ցուցադրությունից հետո հյուրերը մասնակցեցին նաև «Անիմացված պատերազմ» ցուցահանդեսին։
Հոբելյանական 15-րդ փառատոնին «ՌեԱնիմանիան» վերադարձել է ավելի կատարելագործված՝ շեշտը դնելով առևտրայնացման զարգացման վրա։ Այս տարի գործելու է կրկին MarAni (Market of Animation) հարթակը, որի շրջանակում լինելու են վարպետության դասեր, աշխատարաններ, պանելային քննարկումներ ու հանդիպումներ աշխարհահռչակ մասնագետների հետ միասին։ MarAni-ի կարևորագույն բաղադրիչներից մեկը համաարտադրության հարթակն է. հայ անիմատորներն իրենց նախագծերը ներկայացնելու են միջազգային լավագույն պրոդյուսերներին և փորձելու են գտնել համաարտադրողներ՝ հայտնի ընկերությունների հետ միասին իրենց նախագծերն ու գաղափարները կյանքի կոչելու համար։
Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական» հիմնադրամը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMMA), Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP)։
«ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 28-ը։ Ֆիլմերի ցուցադրությունները լինելու են Կինոյի տանը և ԹՈՒՄՈ կենտրոնում (Երևան, Հալաբյան 16), պանելային քննարկումները և «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները ևս ԹՈՒՄՈ կենտրոնում։
Փառատոնի տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkgh.am-ից և «Կինոյի տնից», փառատոնի ծրագիրն ամբողջությամբ հասանելի է ReA app բջջային հավելվածում(App store, Play market)։ Ստացված հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար կրթական ծրագրեր իրականացնելուն»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա