«3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել
2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը:
Ինչպես հայտնում ՀՀ արտգործնախարարությունը, նախարարները 9 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել, որում, մասնավորապես ասված է․
«1․ Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիական հարևանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարևորությունը` ընդգծել են այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա:
2․ Արտահայտելով իրենց դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ՝ քննարկել են տարածաշրջանում առկա ամենակարևոր հարցերը և ընդգծել այնպիսի հարթակների, ինչպիսին է տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի կարևորությունը՝ կառուցողական երկխոսության հնարավորություններ ապահովելու և տարածաշրջանի այն երկրների միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար, որոնք առաջնային դեր ունեն այդ առումով։
3․ Կարևորել են տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարեկեցության և տարածաշրջանի կայունության վրա։
4․ Ընդգծելով մշակութային համագարծակցության, մարդկանց միջև շփումների և կրթական, գիտական, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերի կարևորությունը:
5․ Տևական խաղաղության և տնտեսական զարգացման խթանման համար պետք է ամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:
6․ Ողջունելով տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ընթացող գործընթացները:
7․ Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները` նրանք վերահաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար:
8․ Նախարարները նաև մտքեր են փոխանակել Գազայում իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:
9․ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լավ ընդունելության և այս հանդիպման բարեհաջող անցկացման համար: Գնահատելով տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ընդլայնման և ամրապնդման հարցում «3+3» տարածաշրջանային հարթակի պարբերական հանդիպումները՝ նրանք պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, որի անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով:
2023թ. հոկտեմբերի 23, Թեհրան»։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանում հանդիպել են Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը
- Լավրով. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը գործնականում լուծվել է
- Իրանը դեմ է Հարավային Կովկասում օտար ուժերի ներկայությանը
- Կովկասում կայունությունը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով.Ֆիդան
- Թեհրանում ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան