Իրավիճակը գնալով վատթարանում է. Աշոտ Մելիքյան
2023թ. երրորդ եռամսյակը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գնահատում է գերլարված ժամանակաշրջան լրագրողների և լրատվամիջոցների համար։ Ասուլիսում Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2023թ. երրորդ եռամսյակի զեկույցի ներկայացման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նա նշեց, որ արցախյան ճակատագրական իրադարձությունները լուսաբանելը հայաստանյան լրատամիջոցներից, խմբագրություններից բավականին մեծ ջանքեր էր պահանջում։
«Ընդհանուր առմամբ, լրատվամիջոցները կարողացան այդ բարդ պայմաններում հանրությանը ներկայացնել այդ ծանր իրավիճակը, նաև սոցիալական դեր կատարելով կարծես թե փորձ էր արվում համախմբել հասարակության ուժերը, որպեսզի բռնի տեղահանվածները տեղավորվեն, նրանց սոցիալական հարցերը հնարավորինս արագ լուծվեն»,- ասաց նա։
Երրորդ եռամսյակում տեղի ունեցան նաև Երևանի ավագանու ընտրությունները։
«Մենք շատ լավ գիտենք, որ նման իրադարձությունները մեզանում զուգորդվում է հասարակական-քաղաքական մթնոլորտի լարմամբ։ Այս անգամ նույնպես այդ լարված իրավիճակն առկա էր։ Դա նույնպես անդրադառնում էր լրագրողների, լրատվամիջոցների աշխատանքի վրա։
Նույն ցույցերը, բողոքի ակցիաները լուսաբանվում էին ԶԼՄ-ների կողմից, լրագրողները հաճախ բռնության էին ենթարկվում կամ տարատեսակ ճնշումների»,- ասաց Ա. Մելիքյանը։
Ի տարբերություն առաջին երկու եռամսյակների, երբ որևէ լրագրողի կամ օպերատորի նկատմամբ բռնության դեպք չէր արձանագրվել, երրորդ եռամսյակում ֆիզիկական բռնության 3 դեպք է գրանցվել։ Նրա խոսքով, դա պայմանավորված է լարված հասարակական-քաղաքական իրավիճակով։ Մեկ դեպք արձանագրվել է Ստեփանակերտում, երկու դեպք՝ Երևանում։
Տարատեսակ այլ ճնշումներին 13 դեպք է արձանագրվել այս եռամյակում։
«Հենց լարված հասարակական-քաղաքական մթնոլորտում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով են եղել դեպքերը, երբ լրագրողներին սպառնացել են, վիրավորել են, տարբեր տեսակի անհարգալից վերաբերմունք են դրսևորել։
Այստեղ պետք է նաև նշել, որ լրագրողները, շատ հազվադեպ է այդպես լինում, իրենց նկատմամբ տարբեր սպառնալիքները չեն անտեսում, իրենք են դիմում դատարան։
Այս եռամսյակում 3 դատական հայց է ներկայացվել ընդդեմ սոցիալական ցանցերի այն օգտատերերի, որոնք վիրավորանք, սպառնալիքներով լի գրառումներ են կատարել։
Սա ճիշտ մոտեցում է լրագրողների կողմից»,- ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում 6 նոր դատական հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների։ Նախորդ եռամսյակում 15 հայց է եղել։ Բոլորն էլ վիրավորանքի և զրպարտության հիմքով է։
«Նոր միտում ենք նկատում. հայցվորներն ընդդեմ լրագրողների հայցեր ներկայացնելիս նաև միջնորդություն են ներկայացնում դատական հայցի ապահովման միջոց կիրառելու համար, այսինքն նաև պահանջում են դատարանները կալանք կամ արգելանք դնեն խմբագրության գույքի, բանկային հաշիվների վրա, ինչը, մեր գնահատմամբ, միջազգային մոտեցումներով, համարում է լրացուցիչ ճնշում լրատվամիջոցի նկատմամբ»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Երրորդ եռամսյակում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 33 դեպք է արձանագրվել, որը 13-ով ավելի է նախորդ եռամսյակի համեմատ։
«Սա վկայում է այն մասին, որ իրավիճակը գնալով վատթարանում է։ Պետական մարմիններից գնալով ավելի բարդ է դառնում պաշտոնական տեղեկություններ ստանալը՝ կամ անհիմն մերժում են, կամ լղոզված պատասխաններ տալիս, որոնք չեն համապատասխանում հարցերի էությանը։
Հիմնականում բարդ է տեղեկություն ստանալ կառավարության աշխատակազմից, պաշտպանության, ԱԳ, ՆԳ նախարարություններից, Երևանի քաղաքապետարանից։ Համոզված եմ՝ գլխավոր մեղավորն իշխանություններն են, որոնք շատ վատ են կազմակերպում իրենց աշխատանքը հանրության, լրատվամիջոցների հետ»,- ասաց Ա. Մելիքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան