Բռնի տեղահանված 27 հազար արցախցի օգնություն է ստացել «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից
Արդեն մեկ ամիս է, ինչ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տարբեր բնույթի աջակցություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Այս մասին «Աջակցություն արցախցիներին. Արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանից հիմնադրամի աշխատակազմը ստացել է հանձնարարություն, որպեսզի ուսումնասիրի, թե առաջնային փուլում ինչի անհրաժեշտություն կա և աջակցության ծրագրերը թիրախային ինչ ուղղություններով պետք է իրականացնել։ Ուումնասիրություններից հետո, ըստ Իվետա Տոնոյանի, սեպտեմբերի 26-ից մեկնարկել են բարեգործական աշխատանքները և մինչև օրս շարունակվում են։
«Առաջին պահին, երբ բոլորս էմոցիանալ շոկային իրավիճակում էինք, ցանկությունը մեկն էր՝ միանգամից օգնություն տրամադրել բոլորին, բայց հասկանալի է, որ հնարավոր չէ այդ ծավալի աշխատանքն անմիջապես իրականացնել։ Հազարավոր մեր հայրենակիցներ առաջնային անհրաժեշտության ապրանքներից սկսած մինչև ամենատարրական անհրաժեշտություն ունեցող ապրանքների կարիք ունեն»,- ասաց նա։
Ըստ Իվետա Տոնոյանի՝ սեպտեմբերի 26-ից մեկնարկած բարեգործական աշխատանքների շրջանակներում հիմնադրամը օգնություն է տրամադրել բռնի տեղահանված 27 հազար արցախցիների։ Նրանք ստանում են սնունդ, հիգիենայի պարագաներ, տնտեսական ապրանքներ։ Նա միաժամանակ նշեց, որ իրականում արցախցիներն առաջին հերթին բարոյական աջակցության ու ապրումակցման կարիք ունեն։
Մամուլի խոսնակի խոսքով՝ թեև բազմաթիվ մարդիկ կամավոր փորձում են աջակցել արցախցիներին, սակայն բարեգործությունով ոչ երկիրը կկառուցվի, ոչ էլ խորքային խնդիրները կլուծվեն։
«Այս օրերին ահռելի մեծ աշխատանք է իրականացվում, մարդիկ իրենց վրա վերցրել են պետության գործառույթներն ու անտրտունջ աշխատում են։ Հետաքրքիր է, թե գործող պատգամավորներից քանիսն են այս ընթացքում կամավորական որևէ աշխատանք կատարել, հանդիպե՞լ են այն մարդկանց հետ, որոնք հայրենիք են կորցրել, տեսել են այդ մարդկանց ողբերգությունը, որպեսզի իրականում հասկանան ողբերգության այն ծավալը, որում հայտնվել են բռնի տեղահանված արցախցիները»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան