ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել մինչև նոյեմբերի վերջ Շվեդիային դաշինք ընդունել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անցած շաբաթ դաշինքի բոլոր երկրներին նամակ է հղել, որում ասվում է, որ Շվեդիան պետք է դաշինքի անդամ դառնա ոչ ուշ, քան դաշինքի արտգործնախարարների հանդիպումը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Bloomberg»-ին։
Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը: Ըստ ընթացակարգի՝ փաստաթուղթն ի սկզբանե կքննարկվի միջազգային հարցերով հանձնաժողովում։ Հավանության արժանանալու դեպքում արձանագրությունը խորհրդարանի քվեարկության կդրվի ամբողջ կազմով։
Այժմ, Թուրքիայի պաշտոնական համաձայնությունից հետո, Հունգարիան պետք է համապատասխան որոշումը կայացնի, գրում է Bloomberg-ը։
ԵՄ հարցերով Շվեդիայի Ջեսիկա Ռոսվալը Լյուքսեմբուրգում լրագրողներին ասել է, որ մտադիր է այդ հարցը քննարկել հունգարացի գործընկերոջ հետ։ «Մենք ակնկալում ենք, որ Հունգարիան նույնպես արագ որոշում կկայացնի, և մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դառնալ դաշինքի անդամ», - ասել է նա: