ՌԴ Պետդուման հետաձգեց հայկական վարորդական վկայականների ճանաչումը
ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը։ Այս մասին տեղեկանում ենք պետդումայի պաշտոնական էջից։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը քննարկման ժամանակ նշել է. «Իրականում այս օրինագծով առաջարկվում է լրացուցիչ նախապատվություններ տալ Հայաստանին, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը որևէ քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։ Հենց այս հիմքով է, որ մենք որոշում ենք թույլատրել այլ երկրների վարորդական իրավունքի վկայականների օգտագործումը Ռուսաստանում։ Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կապված, քանի որ ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրված է այդ երկրներոմ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տեսնում ենք, ռուսաց լեզվի կարգավիճակ չկա, վերջին որոշումներն ամենևին ուղղված չեն այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը»։
Լիագումար նիստի սկզբում օրինագծի քննարկումը կասեցնելու առաջարկով հանդես է եկել Տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը։ Նրա կարծիքով՝ այս նախաձեռնությունը ներկայում չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։
Վյաչեսլավ Վոլոդինը Պետդումայի համապատասխան հանձնաժողովներին հանձնարարել է ուսումնասիրել հարցը և առաջարկել հետագա քայլեր։