Արշիլ Գորկու գլուխգործոցներից մեկը կհայտնվի Նյու Յորքի Christie's աճուրդում
Նոյեմբերի 9-ին Christie's-ը Նյու Յորքում կանցկացնի աճուրդ։ Լոտերից է ամերիկահայ հանրահայտ նկարիչ Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» (1946 թ) կտավը ճանաչված կոլեկցիոներ Դեյվիդ Գեֆֆենի հավաքածուից:
Կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1953 թվականին Նյու Յորքի Սիդնի Ջանիս պատկերասրահում, այնուհետև հայտնվել է Ժամանակակից արվեստի և Գուգենհայմի թանգարաններում։
1946 թվականի հունվարին Գորկու արվեստանոցում բռնկվում է հրդեհ, այրվում են նկարչի 20 կտավները, գրքերը: Ժամանակ չկորցնելով՝ նա նոր ստուդիա է վարձակալում և սկսում աշխատել։ Իսկ նոր ստեղծած աշխատանքներն էլ խորհրդանշում էին վերածնունդ, որոնցով էլ նկարիչն իր ուրույն տեղը հաստատեց 20-րդ դարի արվեստում: Ստեղծած նկարների թվում էին երեք կտավներ՝ «Ածխացած սիրահարները» վերնագրով։
Christie's-ի կայքում Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» աշխատանքն աճուրդում ներկայացնելու մասին նյութը վերնագրված է՝ «Ամենահիասքանչ փյունիկ». ինչպես Արշիլ Գորկին վեր հառնեց մոխիրներից՝ գլուխգործոց ստեղծելու համար»։
Արշիլ Գորկին ծնվել է 1902 թ. (ըստ քրոջ` Վարդուշի` 1904 թ. ապրիլի 22) Վանա լճի ափին գտնվող Խորգոմ գյուղում: Մկրտության անունը Մանուկ Ոստանիկ Ադոյան է: Մանուկը պապիկի անունն է, իսկ Ոստանիկը` մոր` Շուշանի գյուղի։ Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1915 թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Գորկին սովորել է Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926 թ-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասավանդել է 5 տարի)։
1921 թ., երբ ընդունվում է Բոսթոնի Գեղարվեստի և դիզայնի դպրոց, 19 տարեկան հասակում փոխում է Մանուկ Ոստանիկ Ադոյան անունը` դառնալով Արշիլ Գորկի: Մանուկը Գորկի ազգանունը վերցնում է ռուս գրող Մաքսիմ Գորկու ազգանունից, ում պաշտում էր, իսկ Արշիլ անունը ուղերձ էր իր հայկական ծագմանը, որը ստիպված էր թաքցնել. Արշիլ անունը Արշակ, Արծրուն, արծիվ անունների պես սկսում էր «ար» տառերով:
1933 թվականին միանում է նկարիչների օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկում չորս պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքիհամաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։
1945 թվականին տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թվականին այրվում է արվեստանոցը, նկարներն ու գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թվականին ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին՝ 1948 թվականին Գորկին ինքնասպան է լինում։
Վիլիամ Ֆեյվերը 2010 թ. փետրվար ամսվա «The Guardian»-ի համարում գրում է՝ «Մանուկ Ոստանիկ Ադոյանը կամ էլ Արշիլ Գորկին «Ամերիկայի ամենամեծ նկարիչներից մեկն է»»:
Հարակից հրապարակումներ`
- Արշիլ Գորկու նոր կտավ է հայտնաբերվել
- Արշիլ Գորկի... կոշիկի տուփերի վրա նկարելուց մինչև 20-րդ դարի արվեստի ամենակարևոր դեմքը
- Վենետիկում ներկայացվում են Արշիլ Գորկու աշխատանքները
- Արշիլ Գորկու մի քանի նոր կտավներ են տեղափոխվում Հայաստան