Եվրահանձնաժողովը փորձում է միջոցներ ձեռնարկել դեղերի դեֆիցիտը կանխարգելելու համար
Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է մի շարք միջոցներ դեղորայքի դեֆիցիտի կանխարգելման համար: Բրյուսելն առաջարկում է դեղագործական ոլորտում համերաշխության մեխանիզմ գործարկել։
«Euronews»-ը գրում է, որ ձմռան մոտենալուն պես եվրոպական դեղատները կրկին բախվում են դեղերի պակասի հետ։ Բրյուսելի դեղագործ Դիդյե Ռոնսեն փորձում է փոխարինող գտնել ինչպես մրսածության, այնպես էլ ծանր հիվանդությունների համար՝ հիվանդներին օգնելու համար:
«Ամեն օր մենք պետք է վերանայենք հիվանդների դեղատոմսերը: Մենք փորձում ենք դեղերի այլընտրանք գտնել, երբ դրանք առկա են, դիմում ենք գործընկերներին և միայն ծայրահեղ դեպքերում ասում «ոչ»: Երբեմն պետք է բժշկին խնդրել, որ անհրաժեշտության դեպքում փոխի բուժման ընթացքը»։
Անցյալ տարի Ֆրանսիայի դեղերի և բժշկական ապրանքների անվտանգության ազգային գործակալությունը գրանցել է ավելի քան 3700 հաղորդագրություն դեղերի պակասի կամ դրանց պակասի վտանգի մասին:
ԵՄ անդամ երկրների ճնշման ներքո Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 24-ին ներկայացրել է դեֆիցիտի կանխարգելման մի շարք միջոցառումներ: Բրյուսելն առաջարկում է դեղագործական ոլորտում եվրոպական համերաշխության կամավոր մեխանիզմ գործարկել ։ Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդիսը կոչ է արել դեղերը կիսել նրան հետ, ովքեր դրա կարիքն ունեն:
«Այս ձմռանը մենք անմիջապես կստեղծենք կամավոր համերաշխության նոր մեխանիզմ։ Դա թույլ կտա ցանկացած անդամ երկրներին, որոնք դեղերի պակաս ունեն, դիմել այլ պետությունների աջակցության համար, որոնք կկարողանան կիսել դեղերը, եթե ունենան բավարար պաշար»,- ասել է նա։
Եվրահանձնաժողովը նաև մտադիր է մինչև տարեվերջ կազմել կարևորագույն դեղերի ցանկը:
Երկարաժամկետ հեռանկարում Եվրահանձնաժողովն առաջարկում է դիվերսիֆիկացնել իր մատակարարման շղթաները՝ գլոբալ միջազգային գործընկերության զարգացման միջոցով: Վերջապես, Բրյուսելը ցանկանում է ուժեղացնել կարևոր դեղամիջոցների և ակտիվ բաղադրիչների արտադրության կարողությունները: