«Ժողովուրդ»․ Դատավորներին չընտրեցին. ՔՊ պատգամավորները բացակա են.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ խորհրդարանը գումարել էր իր հերթական նստաշրջանը. ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում էր նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Դատավորների ընտրության քվեարկությունը, սակայն, երեկ չկայացավ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քվեարկությունը տեղի չի ունեցել ՔՊ-ական պատգամավորների բացակայության պատճառով: Բանն այն է, որ իշխանականներն իրենց սիրելի գործին են՝ պետբյուջեի հաշվին գործուղումների են: Սա է պատճառը, որ դատավորների ընտրության քվեարկությունը հետաձգվել է, որպեսզի իշխանականները վերադառնան գործուղումներից, դատավորների ընտրությունը կայանա, չտապալվի:
Տեղեկացանք, որ այս օրերին գործուղումների են Հակոբ Արշակյանը, ՔՊ-ականներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը (Անգոլա), Արուսյակ Ջուլհակյանը եւ Վահագն Ալեքսանյանը (Շվեդիա), Ռուբեն Ռուբինյանը (Իրան)»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: