Արցախցի Մարթա Ալթունյանը հանդիսություններն անպայման սկսելու է արցախյան բարբառով
Բռնի տեղահանված Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի, հանդիսավար Մարթա Ալթունյանը շրջափակման ողջ ընթացքում հույսը չի կորցրել՝ «բլոկադան կավարտվի ու բոլորի՝ մեծերի ու փոքրիկները երազանքները կիրականացնեն»։ Բայց... սպասումները չեն արդարացվել։
«Մենք ապրեցինք շատ դաժան օրեր, բայց մենք ուրախ էինք, քանի որ գտնվում էինք մեր հողի վրա, մեր տանը, շրջապատված էինք մեր ընկերներով։ Միասին հավատում էինք, որ կգա մի օր, կավարտվի բոկադան և այն, ինչ-որ ցանկանում են մեր մեծերը, փոքրիկները, իրենց բոլորի երազանքները կիրականացնենք։
Բոլորս, որպես մի մեծ ընտանիք, համախմբվել էինք հանուն մեր հայրենիքի, սպասում էինք բլոկադայի ավարտին։ Բայց մեր սպասումները չարդարացվեցին ու եկավ մի օր և բոլորս հասկացանք, որ պետք է դուրս գանք մեր տներից, մեր հայրենիքից, որպեսզի ողջ մնանք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Մարթան։
Ստեփանակերտից մինչև Հակարիի կամուրջ 38 ժամում են հասել։
«Այդ ճանապարհը խաղաղ ժամանակ անցնում էինք 1,5 ժամում։ 38 ժամ՝ դաժան ժամեր և օրեր։ Կային տարեց, հիվանդ մարդիկ, երեխաներ։ Եղան մարդիկ, որոնց մեր աչքի առաջ թողեցինք ճանապարհին, քանի որ չդիմացան այդ դժվարություններին, այդ ճանապարհին, չդիմացան այն ամենին, ինչ-որ մեր ուսերի վրա դրել էր մեր թշնամին։
Ոչ բոլորը հասան Երևան։ Ոչ բոլորն են պատկերացնում իրենց կյանքը Երևանում։
Բոլորս այստեղ գոյատևում ենք, չենք պատկերացնում մեր կյանքը։ Հոգեպես մենք մնացել ենք Արցախում, ֆիզիկապես մենք Երևանում ենք։ Շատ դժվար է»,- ասում է արցախցի դերասանուհին։
Նա, ինչպես և շատ արցախցիներ, հավատում են՝ մի օր վերադառնալու են Արցախ. «Արցախում թողեցի իմ սիրտը, հայրենիքը, իմ ամեն մի երազանքը։ Շատ եմ ուզում տուն գնալ»։
Մարթա Ալթունյանը դեռ աշխատանք չի գտել, բայց փորձում է իր մեջ ուժ գտնել, որպեսզի սկսի նոր կյանք, շարունակի իր աշխատանքը Երևանում. «Չեմ կարող ասել նոր կյանք, որովհետև այսպիսի կյանքի մասին ոչ մի արցախցի չի երազել»։
Արդյո՞ք պատրաստ է խաղալ այն դերը, ինչ ապրել է վերջին մեկ տարվա ըթնացքում։
«Դեռ ոչ, դեռ ուժ չունեմ»,- պատասխանում է դերասանուհին։
Մարթա Ալթունյանը նշում է՝ իրենք միշտ համոզված են եղել՝ ուժեղ, չկոտրվող ազգ են, ու երբեք իր աշակերտների հետ («Ինֆորմատիկա» է դասավանդել) չի խոսել այն մասին, որ հայը կկոտրվի, փողի համար հող կտա։
«Բայց հիմա չեմ կարողանում մտնել դասարան ու երեխաներին ասել, որ հայը հողը չի սիրում այնքան, ինչքան թուրքը։ Եթե մենք մտածում էինք, որ ոչ մի գումար չարժի մեր հայրենքը, հողը, ապրած կյանքը, ապա այսօր այն վիճակում ենք, որ ոչ գումար կա, ոչ հայրենի հող»,- ասում է նա։
Մարթա Ալթունյանը նաև հանդիսավար է։ Արցախում, նաև մինչև շրջափակումը Հյաստանում, միջոցառումներ, հարսանիքներ է վարել։ Հիմա էլ պատրաստ է շարունակել աշխատանքը, բայց դեռ պետք է ուժ գտնի իր մեջ, նայի մարդկանց աչքերին ու կրկին արցախյան բարբառով բոլորին բարևի՝ «Բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ մունք միասին հավաքվալ ենք հրսանիք նշելու համար»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Աստծուց էր, որ մեքենաների հետևից չընկանք, չգնացինք բենզինի պահեստ.Արցախցի քարտաշ Մոսի
- 40 ժամ ղեկին անցկացրած 12-ամյա Կարենը որոշել է գտնել իր արցախցի ընկերներին
- Արցախցի Դավիթը գործիքների կարիք ունի
- Մաա՜մ, տու հու՞նցս ինձ ասում Արցախ չկա, ես հու՞նց մոռանամ իմ հայրենիք. Արցախցի մոր ու երեխայի երկխոսությունը
- «Կլուբի դուռ, պատուհան ջարդեցին, դագաղներ սարքեցին»․ Արցախցի այրու հիշողությունները
- Ամուսնուս դիահերձարանում էի փնտրում, բայց անծանոթ համարից զանգ ստացա. Արցախցի Էլինարի պատմությունը
- «Կյանքս մեկ պայուսակի մեջ»․ արցախցի տարեցները Երևանի տուն-ինտերնատում