Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուն նույնականացվել է. նախարար
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից հետո ակտիվ ընթացքի մեջ են նույնականացումները։ Ինչպես այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հարազատներն անցնում են համապատասխան հետազոտություններ, որպեսզի կարողանան գործընթացն արագ կերպով կազմակերպել:
Նրա խոսքով՝ այս պահին արդեն 40-ից ավելի նույնականացված և հուղարկավորված անձինք կան:
Ինչ վերաբերում է պայթյունից տուժածներին, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ներկայում տարբեր բժշկական կենտրոններում բուժում է ստանում 150 մարդ, վիրավորում ստացածներից 19-ն էլ բուժումը շարունակում են արտերկրում։
«Որոշակի դրական դինամիկա կա նրանց բուժման ընթացքում, ինչը չափազանց ուրախալի է։Իրականում այրվածքների դեպքում բուժման և վերականգման ընթացքը բավական երկար է տևում»,- հավելեց նա։
Անդրադառնալով Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող բուժօգնությանը, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հիվանդանոցային բուժօգնությունը նրանց համար անվճար է:
Դիտարկմանը՝ կան արցախցիներ, որ գրանցված են Հայաստանում, արդյոք նրանց համար հատուկ կարգավորումներ կա՞ն, որ նրանք ևս կարողանան անվճար բուժում ստանալ, նախարարը պատասխանեց, որ գրանցման հետ կապված խնդիր չկա․ «Եթե անձն անգամ ՀՀ-ում ունի սեփականություն, բայց հաշվառված է որպես բռնի տեղահանված, ապա նա ևս օգտվում է այդ երաշխիքներից»։