Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
«Հայաստանի և Կանադայի երկկողմ հարաբերությունների ամրապնդման ևս մեկ կարևոր քայլ է Երևանում Կանադայի դեսպանատան բացումը, որը կարող է դիտարկել որպես երկու երկրների կառավարությունների համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք»,-այս մասին հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Կանադայի պատվիրակության անդամ Սալմա Աթաուլլահջանի հետ հանդիպմանը։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ Արշակյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք:
«Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը: