Հայաստանը եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ.ՔՊ-ական պատգամավոր
«Դուք տեսել եք, որ մենք ունեցել ենք արձանագրումներ տարբեր գործընկերներ պետությունների կողմից անհատական մակարդակով, Հայաստանում՝ նաև ընդդիմության կողմից իրականացվող ակցիաներին սատարող և սադրիչ հայտարարություններ»,-խորհրդարանում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ստրասբուգյան ելույթի՝ ճակատագրական պահերին գործընկեր պետությունների անընդունելի պահվածքի վերաբերյալ հատվածին:
Պատգամավորը հայտարարեց, որ իշխանություններն այդ գործընթացին միշտ էլ արձագանքել են:
Հակոբյանը խորհուրդ տվեց ելնել ՀՀ դիրքերից և ման չգալ այնպիսի բան, որը վատ ազդեցություն կունենա ՀՀ-ի և ՌԴ- հարաբերությունների վրա :
«Վարչապետի ուղերձն ուղղված է եղել նրանց, ում ուղղված է եղել, վստահ եմ, որ այդ ուղերձի նպատակային կետը տեղ է հասել և այն մարդկանց, ում ուղղված էր այն, միանշանակ հասկացել են»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը և հորդորեց քաղաքական գործընթացը չսարքել այլ պրոցեսների մաս, քանի որ այն գործընթաց է, որը կհասնի տրամաբանական ավարտին:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ ՌԴ Պետդումայի կողմից ՀՀ-ի վարորդական իրավունքների ճանաչման հարցի քննարկման հետաձգումը չի կարելի դիտարկել որպես ՌԴ-ի պատասխան Փաշինյանի ելույթին:
«Մենք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունենք»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ն հրաժարվեց մասնակցել ՀՊԿ զորավարժություններին՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ռուսաստանի հետ համագործակցությունը, ռազմական առումով, այդպես չենք պատկերացրել, ինչին բախվել ենք իրականում: Հայաստանը եղել ու մնում է ՀԱՊԿ անդամ, եղել ենք ԵԱՏՄ մաս, մնում ենք ԵԱՏՄ մաս»,-հայտարարեց Հակոբյանը:
Հակոբյանն ասաց, որ Ռուսաստանում և Հայաստանում կան գործիչներ, ովքեր մոռանում են համագործակցության հիմքերն ու տարբեր գնահատականներ են տալիս:
«Բայց ես խորհուրդ եմ տալիս, որ մենք կարևորի մասին խոսենք, հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ հարց, որ հնարավոր չլինի կարգավորել»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը: