Հայաստանյան OnOff անիմացիոն ստուդիան կհամագործակցի ֆրանսիական և լիտվական առաջատար ընկերությունների հետ
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնը մշտապես իր ուշադրության ներքո է պահել հայկական անիմացիոն պատմության տարածումն ու զարգացումը։ Ուստի պատահական չէ, որ այս տարի հոբելյանական 15-րդ փառատոնը նվիրված է հայ կինոյի 100 և հայկական անիմացիայի 85-ամյակներին։
Փառատոնի շրջանակում Շառ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում այսօր բացվեց անիմացիայի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը։
«ՌեԱ» միջազգային փառատոնը նպաստում է նաև հայաստանյան և միջազգային ընկերությունների միջև համագործակցությանը։ Դրա վառ ապացույց է այսօր կայացած Հայաստանի ժամանակակից անիմացիոն պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձությունը. հայաստանյան OnOff անիմացիոն ստուդիան համագործակցության հուշագրեր կնքեց միանգամից երկու միջազգային ընկերությունների հետ՝ այդպիսով մուտք գործելով միջազգային համարտադրության հարթակ։
Հայկական անիմացիայի պատմության մեջ այս ձեռքբերումը նոր նշաձող է, որը նպաստելու է անիմացիոն կինոարվեստի զարգացմանն ու դրանում Հայաստանի ուրույն դիրքերի ամրապնդմանը։
OnOff ստուդիան հուշագիրը կնքեց լիտվական Broom Films-ի հետ՝ «ԶԱԿՈ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի (ռեժիսոր Տիգրան Առաքելյան) համարտադրության նպատակով։ Հուշագիրը ստորագրեց OnOff ստուդիայի գործադիր պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանը և Broom Films-ի պրոդյուսեր Յուստե Միխայլինայտեն։
Երկրորդ հուշագիրը կնքվեց ֆրանսիական առաջատար TCHACK ընկերության հետ։ Հուշագրի շրջանակում հայկական և ֆրանսիական ընկերությունները համագործակցելու են 2 ֆիլմերի համարտադրության ուղղությամբ: Մշակվելու և ստեղծվելու է «Կեցցեն տոները» (LONG LIVE THE HOLIDAYS) կարճամետրաժ և «Մարիամ և Վարտո» (MARYAM & VARTO) լիամետրաժ ֆիլմերը, որոնց հեղինակը Գորյուն Ապրիկյանն է (ռեժիսորներ՝ Լուչիանո Լեպինայ, Գորյուն Ապրիկյան): Հուշագիրը ստորագրեցին OnOff ստուդիայի գործադիր պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանը և TCHACK-ի պրոդյուսեր Բարբարա Վունյոնը։
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին հուշագրի ստորագրումից առաջ ասաց, որ այսօր բոլորով տոնում են մի հաջողություն։
«Փառատոները շատ կարևոր կամուրջ են մասնագետների, արտադրողների, ռեժիսորների, բեմադրողների միջև, որտեղ հանդիպում են, քննարկում են, ներկայացնում իրենց նախագծերը։ Լավագույն նախագծերը ձեռք են բերում գործընկերներ»,- նշեց նա։
Քասունու խոսքով, անիմացիա ստեղծելը բարդ է, Հայաստանում՝ կրկնակի ավելի բարդ, համարտադրության մշակույթը մի փոքր ավելի ուշ է զարգանում այստեղ, բայց Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ և ջանքերի շնորհիվ այդ ոլորտը ավելի արագ է սկսել զարգանալ։
Ֆրանսիական և լիտվական ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ ուրախ են համագործակցության համար՝ ընդգծելով OnOff ստուդիայի կողմից կիրառվող յուրահատուկ տեխնիկան։
OnOff ստուդիայի գործադիր պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ առավել պարտավորեցնող է, որ արտասահմանյան գործընկերներն իրենք են նախաձեռնում նմանատիպ համագործակցությունները.
«Մենք մշակել ու զարգացրել ենք VR-ի կիրառության եզակի տեխնոլոգիա, որը մեծ ուշադրություն է գրավել անիմացիոն կինոյի աշխարհի տարբեր ընկերությունների ու անհատների կողմից։ Եվ մեր նախագծերը, դեռ ամբողջությամբ չիրականացված, արդեն իսկ մեծ պահանջարկ են վայելում։ Հայաստանում անիմացիոն արվեստի զարգացման գործում միջազգաին համարտադրությունները շատ կարևոր են, ուստի այս համագործակցությունները նշանակալի են բոլորիս համար»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։