Ավինյանի «ուրարտական» երդմնակալության համար երևանցիների գրպանից հափշտակվել է ավելի քան 87 միլիոն դրամ. Երիցյան
Երևանի ավագանու արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնումով երևանցիների գրպանից հափշտակել է ավելի քան 87 միլիոն դրամ նոր քաղաքապետի «ուրարտական» երդմնակալությունը, ավելի ճիշտ՝ ավագանու հատուկ նիստը կազմակերպելու համար, որն անցել է քվորումի բացակայության պայմաններում, ուրմեն՝ իրավազոր համարվել չի կարող։
«Ստացվում է, որ երևանիցների ընդամենը 32 տոկոսի քվեն ստացած քաղաքապետի երդմնակալության համար մեր գրպանից ծախսվել է շուրջ 100 անգամ ավելի, քան 2018-ին 82 տոկոս վստահություն ստացած քաղաքապետի երդմնակալության համար։ Այս չհիմնավորված և ավելորդ ծախսը կատարվել է այն հումանիտար աղետի օրերին, երբ միայն Երևանում ապաստանել է 35 հազար բռնի տեղահանված անձ Արցախից, երբ միջազգային հանրությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում Հայաստանին այս ճգնաժամը մեղմելու համար»,- ասաց նա։
Ապա հարց ուղղեց. «Եթե դուք այսքան առատաձեռն եք, խնդրում եմ հստակ նշել, թե մինչ օրս Երևանի քաղաքապետարանը որքա՞ն գումար է տրամադրել Երևանում ապաստանած արցախիցների կարքիների լուծմանը, ի՞նչ խնդիրների ու կարիքների լուծման է տրամադրել, եթե, իհարկե, տրամադրվել է»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հոկտեմբերի 10-ին քվորումի պայմաններում, նիստի իրավազորության պայմաններում Երևանի ավագանին ընտրել է Երևանի քաղաքապետ, հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետը, օրենքի համաձայն, երդում է տվել երևանցիների առաջ։
«Իսկ քվորումն ու առհասարակ իրավազորության հարցերը, քվորումի անհրաժեշտությունը կարող է քննարկվել միայն այն նիստերի դեպքում, երբ ավագանին կարող է որոշում կայացնել կամ լիազորություն իրականացնել որպես մարմին։ Իսկ հոկտեմբերի 13-ի նիստը զուտ արարողակարգային էր, որևէ որոշման ընդունման հարց չկար։ Այնպես որ, այս հարցն արհեստական է, իրապես»,- ասաց Ավինյանը։
Ինչ վերաբերում է ԼՂ բռնի տեղահանված անձանց հետ կապված ծրագրերին, նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանն ամենաինտենսիվ կերպով, սկսած այդ անձանց տեղափոխման հարցից, ունեցել է ամենաակտիվ մասնակցությունը. «Այդ աշխատանքները, սկսած հենց տեղափոխումից, մինչ օրս Երևանի քաղաքապետարանը շարունակում է»։
Հարակից հրապարակումներ`
- 220 հազար դոլար երևանցիների գրպանից՝ Տիգրան Ավինյանի երդմնակալության համար
- «Հրապարակ». Քաղաքապետի երդմնակալությունը սովորական աշխատանքային օ՞ր, թե՞ տանը մնալու, «հանգստանալու» օր
- Լրագրողները դժգոհեցին Ավինյանին՝ միայն իր օրոք է նման բան լինում