ՌԴ Գլխավոր դատախազությունը չի հաստատել Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը։ Տեղեկությունը հայտնում է «Կոմերսանտը»: Վերահսկող մարմինը հանձնարարել է Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության քննիչներին՝ լրացուցիչ քննություն անցկացնել ավելի քան հինգ տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգության հանգամանքների վերաբերյալ։
Իրավապահ կառույցներում «Կոմերսանտի» աղբյուրների տվյալներով, Խաչատուրյան երեք քույրերից երկուսի՝ Կրիստինայի և Անգելինայի քրեական գործով մեղադրանքը չի հաստատել Ռուսաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Անատոլի Ռազինկինը։ Նշվում է, որ նա քննիչներին առաջարկել է լրացուցիչ հետաքննություն անցկացնել, որ հասկանան հանցագործության դրդապատճառները, քանի որ քույրերը դաժան վերաբերմունքի, բռնության, այդ թվում սեռական բռնության են ենթարկվել իրենց հոր կողմից, այսինքն՝ գտնվել են տրավմատիկ իրավիճակում:
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները համաձայն չեն գլխավոր դատախազության եզրակացությունների հետ, բայց ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության աշխատակիցները պարտավոր են վերսկսել գործի քննությունը։
Քննությանը մոտ կանգնած «Կոմերսանտ»-ի աղբյուրները չեն բացառում, որ քննությունը կձգձգվի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել անձամբ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ, որպեսզի բացառվեն կատարվածի մյուս բոլոր մեկնաբանությունները։
Պարբերականը նաև հայտնում է, որ քույրերից կրտսերի՝ Մարիայի նկատմամբ, որն ավելի վաղ անմեղսունակ էր ճանաչվել, նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց սպանության վերաբերյալ քրեական գործով եզրակացությունը (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մաս) դեռ պատրաստ չէ: Ամենայն հավանականությամբ, նրան կուղարկեն ևս մեկ ամբուլատոր հոգեբանական-սեքսոլոգիական-հոգեբուժական փորձաքննության։ Չի բացառվում, որ նոր հետազոտություններ իրականացվեն նաև մյուս երկու աղջիկների նկատմամբ:
Խաչատուրյան երեք քույրերը բերման էին ենթարկվել 2018 թվականին իրենց հորը սպանելու կասկածանքով։ Ավագների՝ Քրիստինայի և Անգելինայի գործողությունները որակվել էին որպես կանխամտածված սպանություն, որը կատարվել էր մի խումբ անձանց կողմից: Կրտսեր քրոջ՝ Մարիայի գործը քննվել է առանձին, քանի որ սպանության պահին նա անչափահաս է եղել։ Ավելի ուշ դատարանը նրան անմեղսունակ է ճանաչել։ Քույրերը պատմել են, որ հայրը երկար տարիներ ծաղրել է իրենց։
Փորձաքննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը դուստրերի նկատմամբ բռնություն է կիրառել, ինչի արդյունքում աղջիկները տառապել են հետտրավմատիկ սթրեսային խանգարումով։ Սակայն Խաչատուրյանի մահով պայմանավորված՝ գործի քննությունը կարճվել է։ 2020 թվականի դեկտեմբերին Բասմանի դատարանը պարտավորեցրել է Քննչական կոմիտեին քրեական գործ հարուցել նրա դեմ։ 2021 թվականի մարտին Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել իրենց հոր դեմ հարուցված քրեական գործով։
2018 թվականից աղջիկները գտնվում են ազատության մեջ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ որոշակի գործողությունների արգելման տեսքով։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի հոր դեմ գործը փոխանցվել է ՌԴ գլխավոր դատախազություն
- Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել հոր կողմից բռնության ու ծեծի գործով
- Բժիշկները Խաչատուրյան քույրերից ամենափոքրին մեղսունակ են համարում
- Մոսկվայի դատարանը Խաչատուրյան քույրերի գործը վերադարձրել է դատախազին
- Դատարանը վեցերորդ անգամ չի կարողացել Խաչատուրյան քույրերի գործով երդվյալներ ընտրել
- Դատարանը հինգերորդ անգամ չկարողացավ Խաչատուրյան քույրերի գործով ընտրել երդվյալների
- Խաչատուրյան քույրերի գործը լուսաբանող լրագրողներին սպառնում են
- Փաստաբանը կարծում է՝ Խաչատուրյան քույրերի գործը կքննվի դռնփակ
- Փաստաբան. Քննությունը հրաժարվել է վերաորակել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
- ՌԴ Գլխավոր դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործողությունները համարել է անհրաժեշտ պաշտպանություն