«Ժողովուրդ». Մի քանի օրում 2 տուն, մեկ տարում 3 անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը, ինչպես արդեն գրել էինք, հավակնում է Կենտրոն վարչական շրջանի թաղապետի պաշտոնին։
Ուսումնասիրելով նրա հայտարարագիրը՝ ուշագրավ տեղեկություններ ենք նկատում։ Այսպիսով, Նուարդ Վարդանյանը Երևանի քաղաքապետարանից ստանում է 65 հազար դրամ գումար՝ որպես աշխատանքի վարձատրություն, սակայն նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ։
Ականջ ծամելու պատրաստակամությամբ հայտնի ավագանու ներկայացուցիչը հայտարարագրել է կրիպտոարժույթ, սակայն հստակ չափը չի մատնանշել, միայն հայտնի է, որ 65000 դրամ համայնքային բյուջեից վճարվող ավագանու անդամը տարեվերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 1 մլն դրամ։
2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքական արենա եկած Նուարդ Վարդանյանը 2022 թվականին մի քանի օրվա տարբերությամբ 2 մեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության, Ford մակնիշի։
2021 թվականի նոյեմբերի 9-ին ավագանու անդամ Վարդանյանը նվիրատվություն է ստացել 3 անշարժ գույք՝ 1 բաժնային սեփականության իրավունքով անհատական բնակելի տուն և 2 համատեղ սեփականությամբ, ՀՀ օրենսդրության համաձայն, նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Նշենք նաև, որ 3 անշարժ գույքն էլ գտնվում են Կենտրոն վարչական շրջանում։
Թերևս դժվար չէ ենթադրել, թե ովքեր կարող էին Երևանի ավագանու քաղշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանին նորակառույց շենքերում բնակարաններ տալ: Ինչո՞ւ ենք այսպես կարծում. քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է շարքային երևանցին, ստանալով ամսական 65 հազար ՀՀ դրամ վարձատրություն, մի քանի օրում 2 ավտոմեքենա գնել և 3 անշարժ գույք նվեր ստանալ:
Հավելենք նաև, որ Նուարդ Վարդանյանը 2018 թվականից մինչև 2021 թվականը որևէ հայտարարագիր չի ներկայացրել, որը թույլ կտար տեսնել, թե ինչ ունեցվածք ուներ Վարդանյանը ավագանու անդամ դառնալու պահին։ Երևում է, սակայն, թե ինչեր է ձեռք բերել ավագանու անդամի կարգավիճակում:
Հաջորդիվ կհրապարակենք, թե ինչ մեխանիզմով է Նուարդ Վարդանյանը նպաստել տարբեր շինթույլտվությունների հաստատմանը:
Հին ու մոռացված բարքերն առավել լկտի դրսևորումներ են ունենում հեղափոխական մեր օրերում: Հիշեցնենք, որ Նուարդ Վարդանյանը ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է, ՀՀ նախկին պետնախարար վաղամեռիկ Ժոկոյի՝ Գևորգ Վարդանյանի դուստրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում