Օվերչուկը մեկնաբանել է Հյուսիս-Հարավ նախագծին Հայաստանի մասնակցության հարցը
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղին պատկանող Իրանի Ռաշթ-Աստարա երկաթուղային հատվածի ռուսական օպերատորը սկսել է նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ նախագիծը քննարկվել է նախօրեին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի հանդիպմանը։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հինգշաբթի Օվերչուկը մեկնաբանել է Մեղրիով ճանապարհի կառուցման միջոցով Հյուսիս-Հարավ ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը։ Նրա խոսքով՝Զանգեզուրի հատվածը որպես նախագծի մաս ներկայումս չի դիտարկվում Հայաստանի կողմից հստակ դիրքորոշման բացակայության պատճառով։
«Հայաստանն այնպես, ինչպես հիմա է, Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ։ Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ առայժմ վերջնական դիրքորոշում չեն ձևավորել»,-ասաց նա։
«Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավին, ապա այստեղ փոխգործակցությունը միանգամայն նորմալ է։ Բացի այդ, դուք գիտեք, որ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են Արաքս գետի հարավային ափով՝ Հայաստանը շրջանցող մայրուղու շինարարությունը, և փաստացի ստորագրել են հուշագիր Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին։ Հայաստանը շրջանցելով, պարզապես գետի այն կողմով կանցնի»,- ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ Իրանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիայի հետ սահման ելքով Հայաստանը շրջանցող ճանապարհը երկարությամբ աննշան է տարբերվում Զանգեզուրով անցնող ճանապարհից։
«Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթգիծը կլինի 42 կմ, որքան գիտեմ, Իրանի տարածքով երկաթգիծը մոտավորապես 50 կմ է, սա է ամբողջ տարբերությունը՝ երկու կամուրջ և 8 կմ, այստեղ և այնտեղ»,-ասել է Օվերչուկը: