Գործադիր մարմինն այսօր կհայտարարի 2023 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկի մասին
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով կընդունի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշումը:
Որաշման նախագծում ասվում է. «Հայտարարել 2023 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2023 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
-2023 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
-Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
-2023 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2024 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
-2023 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով…»:
Որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարին հանձնարարվում է ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:
Կառավարության նիստի 44 օրակարգային հարցից զեկուցվող է միայն 3-ը:
Հարակից հրապարակումներ`
- Բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից զորակոչը հետաձգելու համար նորակոչիկի ծնողից 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք
- ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետն ազատվել է պաշտոնից
- ՊՆ պաշտոնյան զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն դիմած 5 քաղաքացիներից պահանջել է 650 հազար դրամ կաշառք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան