Մ23 ԱԱ. Այսօր կպայքարեն հունահռոմեական ոճի 5 հայ ըմբիշ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները։
Մրցումային առաջին օրը Հայաստանը կունենա հինգ ներկայացուցիչ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Հայ 4 ըմբիշներ պայքարը կսկսեն որակավորման փուլից: Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվո Կրասիմիրովի հետ, Շանթ Խաչատրյանն (72 կգ) ուժերը կչափի իտալացի Ջիովանի Պաոլոյի հետ, Կարեն Խաչատրյանի (82 կգ) մրցակիցը կլինի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Օտտո Կետոնեն, իսկ 97 կգ քաշային Հայկ Խլոյանը կգոտեմարտի վրացի Լաշա Թվիլդիանիի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի Ճապոնիայի ներկայացուցիչ Կոսեի Տակեշիտայի հետ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների ԱԱ-ում: Առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, իսկ 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Հավաքականի մյուս անդամները տարբեր փուլերում պարտություններ էին կրել և դուրս մնացել հետագա պայքարից:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Մանվել Խաչատրյանը (55 կգ), Յուրիկ Հովեյանը (63 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):
Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան