Հայաստանյայց Եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակները և առաջնորդները հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակներ և առաջնորդներ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ս.թ. հոկտեմբերի 25-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հանդիպում են ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար տիկին Հելգա Շմիդի հետ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Սրբազան Հայրերը տիկին Շմիդին են փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնություններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև ներկայացրել Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանը, Արցախից բռնի տեղահանված հայորդիների կարիքների հոգածությանն ու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանությանը:
Սրբազան Հայրերն ընդգծել են, որ թեև Եվրախորհրդարանը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախում հայերի դեմ իրականացված սարսափելի հանցագործությունները, իսկ մի շարք երկրներ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները դատապարտող բանաձևեր են ընդունել, սակայն Ադրբեջանն առ այսօր անտեսում է միջազգային հանրության կոչերն ու որոշումները:
Հանդիպմանը հոգևոր առաջնորդները նշել են, որ ժամանակն է, որպեսզի ի պատասխան ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպանական քաղաքականության և արցախահայերի հանդեպ իրականացրած էթնիկ զտումների, միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու համար նրա ռազմատենչ քաղաքականության հետագա դրսևորումները:
Ադրբեջանի նման կեցվածքը առիթ պետք է հանդիսանա, որ Եվրամիությունը վերագնահատի վերջինիս հետ իր փոխհարաբերությունները, ձեռնարկի ռազմական հանցագործությունների մանրակրկիտ հետաքննության, ինչպես նաև միջազգային երաշխիքներ ստեղծի՝ ապահովելու տեղահանված արցախահայերի վերադարձը իրենց պատմական հայրենիք, ինչպես նաև նրանց անվտանգ կյանքն ու կենսագործունեությունը:
Տիկին Շմիդը վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն և անձնապես ինքը կանեն ամեն հնարավորը՝ նպաստելու տարածաշրջանում հարատև ու արդար խաղաղության հաստատմանը, որի մեջ պետք է նկատի առնվի նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ու անվտանգ կյանքն իրենց բնօրրանում:
Գլխավոր քարտուղարը նաև հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է իր աջակցությունը բերել ի նպաստ տեղահանվածների հումանիտար և հոգեբանական կարիքների հոգածության:
Հանդիպման վերջում Սրբազան Հայրերը Հայ Եկեղեցու Եվրոպայի բոլոր առաջնորդների անունից նամակ են փոխանցել տիկին Շմիդին, որում ամփոփված էին այն հիմնական կետերը, որոնք քննարկման նյութ դարձան նաև հանդիպման ընթացքում: