Ալեն Սիմոնյան. Նոր «հոկտեմբերի 27»-ի վտանգ տեսնում եմ
«Շատ ժամանակ է անցել 1999 թվականից, ժամանակային բարդություններ կան»,- ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե 2018-ից ի վեր ինչո՞ւ չի բացահայտվել «հոկտեմբերի 27»-ի գործը:
«Վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներին և հիմնական պատճառները ովքեր են եղել, բայց ինձ իրավունք չեմ վերապահի դա բարձրաձայն ասել, իմ պաշտոնի բերումով դա մեղադրանք կհնչի, բայց թե «մարտի 1»-ի պարագայում, թե «հոկտեմբերի 27»-ի պարագայում մենք հիմնական դրդապատճառները, հիմնական դերակատարներին, կարծում եմ, բոլորս գիտենք: Մնում է այդ փաստը արձանագրվի և համապատասխան պատիժ լինի»,-ասաց նա։
Սիմոնյանը չբացառեց նաև արտաքին ուժերի շահագրգռությունը:
Հարցին՝ ի՞նչ դասեր պետք է քաղել այս ամեն ինչից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այնքան դասեր ունենք քաղելու թե ներքին, թե արտաքին քաղաքական առումներով: Մենք պետք է հասկանանք, որ աշխարհում որևէ մեկը մեզ սիրելու կամ չսիրելու խնդիր չունի, կան շահեր: Մենք պետք է հասկանանք, որ ներքին խժդժությունները կարող են բերել շատ կտրուկ բաների, պետությունը կարող է դրա պատճառով գլխատվել, նույնիսկ պետականությունը կորցնենք: Կարծում եմ՝ մենք այդ դասերը քաղել ենք, որովհետև նոյեմբերի 9-ից հետո այն ամենը, ինչ տեղի ունեցավ և հետագա ներքաղաքական զարգացումները, նաև այդ դասերի շնորհիվ է, որ գիտակցում ենք, հասկանում են, որ, այնուամենայնիվ, ամենակտրուկ պահերին մենք համախմբվում ենք, հասկանում ենք, որ խոսքը ինչ-որ մեկի հարց չի, ինչ-որ մեկի պաշտոնի հարց չի, մենք պետականություն պահելու խնդիր ունենք»:
Հարցին՝ նոր «հոկտեմբերի 27»-ի վտանգ տեսնում է, Ա. Սիմոնյանն ասաց. «Իհարկե, տեսնում եմ: Ես չեմ բացառում, որ արտաքին, այն էլ այս իրավիճակում... : Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, դրա նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարևորություն ունեցող էին, շատ ավելի հեռու էր, օրինակ, Մեղրին հանձնելու գաղափարը։ Հիմա այդ գաղափարը շատ ավելի հեռու էր և ավելի հեռու է»:
«Խաղաղության խաչմերուկով» չի՞ մոտենում հարցին ի պատասխան ասաց. «Ընդհակառակը, այն միտված է խաղաղությանը» (տեսանյութում՝ այս հատվածը՝ 4.25-5.50 րոպեներ)։
Խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին, նա չբացառեց՝ մոտ ժամանակներս Թուրքիայի հետ սահմանի առումով դրական տեղաշարժ լինի. «Ես չեմ բացառում, որ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, սահմանում, շատ հնարավոր է՝ ինչ-որ դրական տեղաշարժ լինի»։
Իսկ Ադրբեջանի դեպքում, նա նշեց, որ սպասում են՝ Ադրբեջանի նախագահը թվային առումով հայտարարի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրով։
Ալեն Սիմոնյանը լրագրողներին կոչ արեց լծվել Հայաստանում խաղաղություն հաստատելու գործին, ոչ թե իշխանությունների քննադատելու. «Ես ձեզ մի բան եմ ուզում խնդրել՝ այդպես բոլորով լծվեք ոչ թե այսօրվա իշխանություններին քննադատելու կամ որևիցե ձևով խանգարելու գործին, մենք մի օր գնալու ենք ընտրությունների միջոցով, այլ՝ Հայաստանում խաղաղություն հաստատելու գործին»։
Հարցին՝ ի՞նչ գնով, ԱԺ նախագահն արձագանքեց. «Մենք արդեն հնարավոր բոլոր գները վճարել ենք, կարծում եմ՝ ավել գին չպետք է վճարենք»։
Լրագրողի դիտարկմանը՝ հայրենիքի մի մասը թողնելով թշնամուն, մյուս մասում կարող ենք խաղաղ ապրե՞լ՝ Ա. Սիմոնյանն ասաց, որ հայրենիք արտահայտությունը շատ վերացական է. «Ադանան, Ղարսը ձեր հայրենի՞քն է, Արցախը ձեր հայրենի՞քն է։ Կա պետություն, կա հայրենիք հասկացողություն։ Եթե փորձում եք այդ արտահայտություններով մանիպուլյացիաներ անեք, այլ հարց է։ Մենք կոնկրետ քարտեզով անկախացել ենք։
Հիմա հարց եմ տալիս՝ Վանը, Մուշը, Էրզրումը մեր հայրենի՞քն են, թե՞ ոչ, պատասխանեք, ինչո՞ւ եք լռում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան