Ազատ գյուղի հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստին հետազոտվել են գործով ապացույցները
Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հետազոտվել են գործով ապացույցները։ Այս մասին NEWS.am-ին ասել է գործով ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
Սարգսյանը մասնավորապես նշել է, որ դատարանը հետազոտել է գործով փորձաքննությունների եզրակացությունները․ «Դատաբժշկական, գենետիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական։ Նշածս բոլոր փորձաքննությունները դատարանում հետազոտվեցին։ Հաջորդը տուժողների հարցաքննությունն է։ Հետազոտվել է նաեւ դեպքի վայրի զննությունը»։
Նա պատմել է, որ դատական նիստն անցել է լարված մթնոլորտում, մի քանի անգամ զոհվածների հարազատների կողմից հարվածներ են եղել իր ամբաստանյալի ուղղությամբ։
Հովսեփ Սարգսյանն ասել է, որ գործով ամբաստանյալներ Գոռ Աղեկյանի եւ Մառլեն Սարգսյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին՝ ազատ արձակել իրենց պաշտպանյալներին, սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը։
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեն 5 անձ, որոնցից 3-ը կալանքի տակ են։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ազատ գյուղի զինվորների կացարանում հրդեհի գործով նախաքննությունն ավարտվե՞լ է
- Ամեն ինչ անում են, որպեսզի հաստատվի պաշտոնական վարկածը․ Ազատ գյուղի կացարանում զոհվածի հայր
- Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց