Գագիկ Ջհանգիրյանը թող լռի. Անահիտ Բախշյան
«Ռուսական, թուրքական, նաև ամերիկյան հետք կա այստեղ»,- ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց 1999 թ. հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «հոկտեմբերի 27»-ի գործում տեսնում է ռուսական հետք։
Նա նշեց, եթե անգամ Նկոլ Փաշինյանը շատ ուզում է բացահայտել «հոկտեմբերի 27»-ի գործը, որի մասին նա անընդհատ հայտարարում է, միայն մի բան կասի. ««Մարտի 1»-ն էլ չկարողացար բացահայտել»։
Ա.Բախշյանը վստահ է, որ բացահայտվելու է «հոկտեմբերի 27»-ի գործը, գուցե Փաշինյանից հետո։
«Այսօր ոչ մի գործնական քայլ, որը տանում է բացահայտման ուղղությամբ, չեմ տեսում։ Չեմ բացառում, որ դա բավական դժվար բան է, իհարկե»,- նշեց նա։
Լրագրողի հարցին՝ Գագիկ Ջհանգիրյանն այսօր հայտարարել է, որ, ըստ էության, «հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտված է, այնպիսի ծավալներով, ինչպես հիմա է գործն ընթանում, նախկինում չի եղել, հիմա ճնշումներ չկան որևէ մեկի վրա, Բախշյանն ասաց. «Գագիկ Ջհանգիրյանին հիշեցնեմ, որ 2000 թվականին ինձ կանչեց իր կաբինետ, ձեռքերը տարածեց, ասաց՝ ինձ ճնշում են, իմ ձեռքերը բռնում են, ինձ չեն թողում աշխատել։ Հիմա կարող է այդ բաները չկան, բայց այն ինֆորմացիան, որ այն ժամանակ ուներ Գագիկ Ջհանգիրյանը և չօգտագործեց, չհասցրեց իր նպատակին, հիմա թող լռի։ Ո՞վ սպանեց Արմենակյանին։ Այնքան ակնհայտ հարցադրում է։ Հաստատ այն հինգ հոգին չէին, ովքեր դահլիճում էին։ Դա ամեն ձևով ապացուցվել է դատարանում՝ ով սպանեց։ Գագիկ Ջհանգիրյան, ինչո՞ւ չբացահայտեցիր»։
Նշենք, որ ԱԺ պատգամավորները, 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և մյուս քաղաքական գործիչների ընտանիքները հարգանքի տուրք մատուցեցին ոճրագործության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ։
Այդ օրն ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քանի Ալեքսան Հարությունյանը կա, «հոկտեմբերի 27»-ի գործը դեռ բացահայտման շանս ունի. Անդրանիկ Քոչարյան
- Հոկտեմբերի 27-ն այսօրվա համար եղավ. Հարցում
- «Հոկտեմբերի 27»-ի կործանարար հետևանքներն ակնհայտ են առ այսօր. Ստեփան Դեմիրճյան
- «Հոկտեմբերի 27»-ը մնում է չբացահայտված. Արամ Սարգսյան
- Գիտեք թե ես այդ վշտին չեմ դիմանում, որ ինձ չեք տեսնում. Ջհանգիրյանը՝ լրագրողներին
- Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած գործիչների հիշատակին
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կրակոց էր ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ. Շարմազանով
- 2022-2023 թթ. մի քանի տասնյակ անձ է հարցաքննվել «հոկտեմբերի 27»-ի գործով. Դատախազություն