Ցանկացած արյունահեղություն, տառապանք պետք է սգալ նույն հարգանքով․ սուպերմոդել Բելլա Հադիդ
Պաղեստինա-հոլանդական ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը խոսել է Գազայի հատվածին սահմանակից իսրայելական տարածքների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումների մասին։ «Լենտա․ռու»-ի փոխանցմամբ գրառումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։
Մոդելը հաղորդագրություն է հրապարակել, որում ներողություն է խնդրել երկարատև լռության համար և հաստատել, որ իր քրոջ՝ սուպերմոդել Ջիջի Հադիդի քաղաքական հակամարտության մասին հայտարարություններից հետո, ինքը և ընտանիքի բոլոր անդամները սկսել են սպառնալիքներ ստանալ։ «Ներիր ինձ իմ լռության համար։ Ես դեռ պետք է ճիշտ բառեր գտնեմ, որպեսզի նկարագրեմ վերջին երկու շաբաթների սարսափը, որն ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել է մի իրավիճակի վրա, որը տասնամյակներ շարունակ անմեղ կյանքեր է խլել և ազդել ընտանիքների վրա»,- գրել է մոդելը։
Հայտնի մոդելը պատմել Է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված իր ապրումների մասին, և դատապարտել խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական գործողությունները: «Հարձակումների ֆոնին իմ սիրտն արյունահոսում է այն վերքից, որը ես զգում եմ, ինչպես նաև իմ պաղեստինյան արյան սերունդների վնասվածքից:
Ես նաև սգում եմ իսրայելցի ընտանիքների համար, որոնք կրել են հոկտեմբերի 7-ի իրադարձությունների ցավն ու հետևանքները։ Անկախ երկրի պատմությունից՝ ես դատապարտում եմ ահաբեկչական հարձակումները ցանկացած խաղաղ բնակչի նկատմամբ։ Կանանց և երեխաներին վնաս պատճառելը ոչ մի օգուտ չի բերում և չպետք է բերի «Ազատ Պաղեստին» շարժմանը»,- ասել է նա։
Հադիդը կոչ է արել միավորվել և ճնշում գործադրել քաղաքական առաջնորդների վրա՝ պաշտպանելու «մարդասիրությունն ու կարեկցանքը»։
«Մենք մեկ ենք, և Աստված մեզ բոլորիս հավասար է ստեղծել։ Ցանկացած արյունահեղություն, տառապանք և կործանում պետք է սգալ նույն հարգանքով: Ես աջակցում եմ մարդկությանը՝ իմանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունը պատկանում են բոլորիս»,- եզրափակել է նա։