Գևորգ Դանիելյան. Խաչատրյանը, Միրզոյանը աղավաղեցին ողջ փաթեթի գաղափարը
Արդարադատության նախկին նախարար, իրավական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Տևական ժամանակ անց արցախահայությանը, վերջապես, վերապահվեց փախստականի կարգավիճակ:
Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերը միանգամայն իրավաչափ էին, սակայն անհասկանալիորեն սեփական անհիմն մեկնաբանություններով հանդես Կառավարության անդամներ (Խաչատրյան, Միրզոյան), որոնք աղավաղեցին ողջ փաթեթի գաղափարը, պնդելով, թե իբր կենսաթոշակի իրավունքը կծագի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո: Կենսաթոշակի և մի շարք այլ սոցիալական իրավունքներ ծագում են իրավունքի ուժով՝ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու պահից, ինչը իմպերատիվ ամրագրված է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով:
Իսկ «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «ii» ենթակետի համաձայն, եթե ընդունող երկրում կենսաթոշակներ տրվում է հիմնադրամներից, ապա փախստականներին այն տրվում է պետական բյուջեից, այսինքն՝ կենսաթոշակ տրվում է անվերապահ, բոլոր դեպքերում:
Հ.Գ. Հուսանք, որ այս պաշտոնյաների, ըստ էության, ոչ պաշտոնական մեկնաբանությունները հետևանք չեն ունենա»։
Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում գործադիրը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: Որոշմամբ առաջարկվում է նաև հաստատել ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ԼՂ-ից բռնի տեղահանված որոշակի մեծ խումբ անձանց վերցնել ժամանակավոր պաշտպանության տակ՝ նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով, և ովքեր համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի կճանաչվեն փախստական՝ ձեռք բերելով փախստականների համար «Փախստական և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված միևնույն իրավունքներն ու պարտականությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները