Կաթողիկոսը եկեղեցականներին հորդորել է հոգեխնամ առաքելություն իրականացնել հայրենազրկված արցախցիների նկատմամբ
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներն ավարտած եկեղեցականների հետ
«Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներն ավարտած քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, սույն թվականի հոկտեմբերի 10-ից մեկնարկած վերապատրաստման այս դասընթացները կրելու են պարբերական բնույթ: Ծրագիրը համակարգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Մասնակից հոգևորականները հնարավորություն են ստանում թարմացնելու իրենց աստվածաբանական, ծիսական և պատմական գիտելիքները:
Հանդիպմանը Նորին Սրբությունը, իր օրհնությունը փոխանցելով հոգևոր հայրերին, հետաքրքրվեց վերապատրաստության ծրագրի ընթացքով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին համախմբվելու, միասնաբար աղոթելու, հոգևոր փորձառությամբ փոխանակվելու, ինչպես նաև քննարկելու Եկեղեցու և հասարակության առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղիները:
Իր խոսքում Հայոց Հայրապետը հորդորեց եկեղեցականներին հոգեխնամ առաքելություն իրականացնել հայրենազրկված արցախցիների նկատմամբ և ամեն ջանք ներդնել նրանց օժանդակություն ցուցաբերելու համար։
Նորին Սրբությունը քահանա հայրերին պատգամեց բարձր գիտակցությամբ և անվերապահ նվիրումով շարունակել իրենց անձնդիր ծառայությունը ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Բ Կաթողիկոսը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է գերիների ազատ արձակման հարցը
- 20-ամյա մայրը «Վեդիի» ծննդատանը տղա երեխա է լույս աշխարհ բերել, ապա հեռացել հիվանդանոցից
- Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն
- Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները