Իրանում քննարկված թեմաների առանցքում Սյունիքն էր
Սպահան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 22-ին Կապանի պատվիրակությունը ՍՀԹ Ազգային Առաջնորդարանում հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի նախագահությամբ հանդիպում է ունեցել Թեմի պատգամավորական ժողովի, Թեմական և կրոնական խորհուրդների, Հաշվեքննիչ մարմնի, Հայ Դատի հանձնախմբի անդամների ու համայնքում գործող միությունների նախագահների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կապանի համայնքապետարանից։
«Հանդիպմանը քննարկված թեմաների առանցքում Սյունիքն էր, Արցախում պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը և այս օրերին համայն հայության կողմից դիմագրավվող մարտահրավերները, ինչպես նաև Սպահանի հետ նոր կապերի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Նույն օրն առավոտյան Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Քարգարիի, քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանի ուղեկցությամբ՝ պատվիրակության անդամները նախ այցելել են Նոր Ջուղայի Հայոց երաժշտական թանգարան, ապա Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ հանդիպում են ունեցել մանկապարտեզի, «Արմէն» տարրական և «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրենությունների հետ: Շրջայցի երրորդ օրվա ծրագիրը եզրափակվել է «Ս. Բեթղեհեմ», Ս. «Ամենափրկիչ» վանքի «Ս. Հովսեփ Արիմաթացի» եկեղեցիներ, Ազգագրական և «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարաններ, ապա Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն այցելությամբ:
Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի վերջին օրը՝ հոկտեմբերի 23–ին, պատվիրակությունը համայնքի ղեկավարի գլխավորությամբ հանդիպումներ է ունեցել նաև Քաշանի քաղաքապետի և համայնքապետի հետ, և նրանց կողմից ստացել փոխգործակցության առաջարկներ, որոնք հիմնականում վերաբերում էին մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին։ Համայնքի ղեկավարն իր հերթին պաշտոնյաններին՝ իրենց պատվիրակություններով հրավիրել է Կապան՝ տեղում ծանոթանալու առկա ներուժին և համագործակցության հնարավորություններին։
Իսկ երեկոյան, պատվիրակության անդամները Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում հանդիպել են տեղի հայ համայնքի, Հայ դատի հանձնախմբի, Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Իրանի Իսլամական Խորհրդարանում հյուսիսային և հարավային իրանահայության պատգամավորների հետ։ Միության նախագահ Սոֆի Ջաղարբեգյանի և միության անդամների ուղեկցությամբ պատվիրակությունը շրջել է մարզավանի տարածքում, ծանոթացել կազմակերպության պատմությանը, մարզավանի հնարավորություններին և իրականացվող աշխատանքներին»,- հայտնում են համայնքապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան