Հոր սպանությունից, դատարանում հորեղբոր մահից հետո ուսուցչուհին սպառնալիքներ է ստանում Առուշ Առուշանյանի ու Գորիսի դատախազի ընկերոջից
Գորիս համայնքի Հալիձոր գյուղի դպրոցի ուսուցչուհի Մարի Խաչատրյանը դիմել է «Հետքին» և պատմել, որ իր հոր սպանությունից հետո դատարանում մահվան են հասցրել հորեղբորը, այսօր էլ սպառնալիքներ է ստանում հոր սպանությունը կատարողի կողմնակիցներից։
«Հետք»-ը գրում է՝ մոտ 6 տարի առաջ Մարի Խաչատրյանը սկսել է ընկերություն անել Գորիսի ավագանու նախկին անդամ Հարություն Սինանյանի հետ։ Նրանց փոխհարաբերությունները մեկուկես տարի անց վատացել են։ Մարի Խաչատրյանի պնդմամբ, Հարություն Սինանյանը, բռնություն գործադրելով, իր անձը և արժանապատվությունը արատավորելու սպառնալիքներով թույլ չի տվել խզել հարաբերությունները (անձնական կյանքին վերաբերող գաղտնի տվյալներ տարածելու սպառնալիքով)։
Այդ ընթացքում երկու անգամ կոտրել է Մարի Խաչատրյանի քիթը։ Խաչատրյանը թաքցրել է այդ միջադեպերն ընտանիքից և իրավապահներից: Սպառնալիքների տակ զույգի կապը շարունակվել է մինչև 2022 թ.-ի ապրիլի 10-ը։ Հարաբերությունները հստակեցնելու հարցի շուրջ հերթական վեճը սպանությամբ է ավարտվել։ Հարություն Սինանյանը Մարի Խաչատրյանի շենքի բակում սպանել է նրա հորը՝ Գուրգեն Խաչատրյանին, հրազենային վիրավորում հասցրել հորեղբորը՝ Կամո Խաչատրյանին։
Սպանության, սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով Հարություն Սինանյանը կալանավորվել է, իսկ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Դատարանի դահլիճում մահացել է Մարի Խաչատրյանի հորեղբայրը։ Մարիի կարծիքով՝ հորեղբայրը սպառնալիքների և հոգեբանական ճնշման պատճառով է մահացել։
Հոր սպանությունից հետո Մարի Խաչատրյանը դիմել է իրավապահներին՝ պատմելով նախկինում իր նկատմամբ իրականացված բռնությունների, անձնական կյանքին վերաբերող գաղտնի տվյալներ հրապարակելու սպառնալիքների մասին, սակայն դժգոհ է իրավապահների գործողություններից։
Սպանության գործով նախաքննության ժամանակ ամբաստանյալի, նրա ընտանիքի անդամների և տուժողի ընտանիքի անդամների միջև առերեսումներ են եղել, որոնք ուղեկցվել են ինչպես բռնությամբ, այնպես էլ սպառնալիքներով։ Մարի Խաչատրյանի մոր և Հարություն Սինանյանի ընտանիքի անդամների միջև ծագած վեճին հաջորդել են Սինանյանի ընկերոջ կողմից հայհոյանքներն ու սպառնալիքները։ Դեպքը տեղի է ունեցել Գորիսում, Քննչական կոմիտեի շենքի դիմաց։ Այս միջադեպից հետո Մարի Խաչատրյանը և մայրը սպառնալիքներ են ստացել սոցիալական ցանցերով և հեռախոսազանգերով։ Այս և դրան նախորդած դեպքով իրավապահները չեն ցանկանում զբաղվել։
Իրավապահների անգործությունը Մարի Խաչատրյանը պայմանավորում է ամբաստանյալ Հարություն Սինանյանի և նրա մերձավորների կապերով։ Հարություն Սինանյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ընկերն է։ Սինանյանի ընկերներից Կարեն Մալխասյանն էլ Գորիսի դատախազ Գոռ Մանուչարյանի մտերիմն է, որը նախաքննության ժամանակ հսկել է քրեական գործը, հետո դատարանում ներկայացրել մեղադրանքը։
Մարի Խաչատրյանն իրավապահների անգործության վերաբերյալ գրավոր դիմել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, սակայն որևէ արդյունք չի եղել։
Տեսանյութում Մարի Խաչատրյանը մանրամասն ներկայացնում է իր և իր ընտանիքի հետ տեղի ունեցածը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։https://hetq.am/hy/article/161531
Հարակից հրապարակումներ`
- Էրեբունիում ամուսինը մկրատով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին, հատուկ լուծույթ լցրել վրան՝ փորձելով հրկիզել
- Ընտանեկան բռնության վարույթներով առավել հաճախ մեղադրյալի աթոռին հայտնվում է ամուսինը
- Վիճաբանության ժամանակ ամուսինը կրակել է կնոջ վրա
- Նախկին ամուսինը կնոջն իջեցրել է տաքսուց ու կրակել նրան
- Կնոջը մասնատած ամուսինը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները