Աշխատանքային օրենսգրքում կատարաված փոփոխություններով հստակեցվել է հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը
Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է հեռավար աշխատանքի վերաբերյալ կարգավորումները վերանայելու, աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմներ սահմանելու նպատակով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսված կլինեն հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները և աշխատողները կունենան ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ (իհարկե պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները), քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է։
Առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն նաև բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու համար։ Օրենսդրական այս փոփոխությունների արդյունքում ակնկալվում է՝
. արտադրողականության աճ,
. բարձր որակավորում ունեցող աշխատուժի թվի մեծացում,
. բիզնեսի եկամուտների աճ,
. պետության եկամուտների աճ,
. տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում,
. ներառական տնտեսության զարգացում,
. տարածքային համաչափ զարգացում,
. կանաչ տնտեսության զարգացում,
. ներդրումների աճ:
Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվելու է նաև մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կնքված աշխատանքային պայմանագրերով (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերով) ծագած և օրենքն ուժի մեջ մտնելու պահին շարունակվող աշխատանքային հարաբերությունների վրա: