Եթե հետախուզման մեջ է, գոնե ծանուցում ուղարկեիք, որ իմանար, գար ներկայանար, իմ երեխան չի էլ փախչել․ 21-ամյա արցախցու մայրը՝ որդու ձերբակալման մասին
«Իրավապահները երեկ ձերբակալության շղարշի ներքո «առևանգել» են 21-ամյա հադրութեցի Մխիթար Օհանջանյանին, երբ վերջինս վերադառնում էր աշխատանքից։ Ժամեր շարունակ տղայի ծնողները տեղեկություն չեն ունեցել որդու գտնվելու վայրի մասին, միայն բարձրացված աղմուկից, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների և ՄԻՊ գրասենյակի միջամտությունից հետո ծնողները պարզել են, որ երիտասարդը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ։ Երիտասարդի կալանավորման որոշման և հետախուզման մասին ոչ՛ ինքը, ո՛չ հարազատները տեղեկացված չեն եղել»,- այս մասին գրել է «Փաստինֆո»-ն։
Մխիթարի մայրը հայտնում է, որ անգամ ծանուցում չի ստացել՝ հարցաքննության համար։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Մխիթար Օհանջանյանի մայրը՝ Լիլիթ Մեսրոպյանը, պատմել է, որ իմացել են, որ սեպտեմբերի 19-ի ցույցերից հետո երևի 10 օր անց իրավապահները գնացել են որդու աշխատավայր, սակայն ինքը տեղում չէր, առաքման էր, աշխատակիցներից հարցուփորձ են արել, թե ինչ մարդ է բնավորությամբ։
«Ասել են, որ ինքը շատ համեստ, խելոք երեխա է, դժվար թե նման ինչ-որ բանի մասնակցած լինի։ Աշխատակիցներից մեկը ցուցմունք է տվել, բնութագրել, որ խելոք երեխա է»,- նշեց մայրը՝ հավելելով, որ մտածում էին, թե գործն ընդհանրապես փակվել է, քանի որ 1,5 ամիս որևէ տեղեկություն չեն ունեցել․ «Երեկ սպասում էր հորը, որ միասին գան տուն։ Պայմանավորվածության վայրում ամուսինս եկել, տեսել է, որ տեղում չէ։ Զանգել է՝ չի վերցրել»։
Տևական ժամանակ կապի մեջ չի եղել, միայն զանգել և ասել են, որ իրեն ձերբակալում են, իսկ թե որտեղ են տեղափոխում՝ տեղեկություն չի եղել։ Միայն կեսգիշերն անց իմացել են, որ տղան «Արմավիր» ՔԿՀ-ում։ Ծնողներն այսօր փորձել են ՔԿՀ-ում տեսակցել որդուն, սակայն թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ ոչ աշխատանքային օր է, անգամ թույլ չեն տվել մաքուր հագուստ փոխանցել։
«Չգիտեմ՝ ինչ են ուզում դրանով անել։ Եթե հետախուզման մեջ է, գոնե ծանուցում ուղարկեիք, որ իմանար, գար ներկայանար։ Իրենք առաջ բերեցին, որ հետախուզման մեջ է, բայց իմ երեխան չի էլ փախչել»,- նշել է Մխիթարի մայրը։
ՔԿՀ-ում Մխիթարին տեսակցել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը, զրուցել հետը, ապա՝ Մխիթարին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննության․«Իրենց հետ մի քանի երեխա էլ են եղել, մի փոքր տարիքով ավելի մեծ։ Իրենց տարել են դատարան»։
Նա հայտնել է, որ ընտանիքով երեք տարի առաջ, պատերազմից հետո տեղափոխվել են Երևան։ Հադրութի հարևան գյուղից էին, որդին ծառայել էր Եղնիկներում և երբ եկել են Երևան, Մխիթարն այստեղ աշխատանքի է ընդունվել։
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ երեկ հայտնաբերվել և ձերևբակալվել են 30-ամյա Գոռ Հ․-ն և 21-ամյա Մխիթար Օ․-ն, որոնց նկատմամբ, ըստ ՆԳՆ-ի, հետախուզում էր հայտարարված։ ՆԳՆ փոխանցմամբ՝ նրանց նկատմամբ հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով։
Հարակից հրապարակումներ`
- Ցույցերին մասնակցելու մեղադրանքով կալանավորվել է արցախցի 2 երիտասարդ
- Բաբայան. ՔԿ-ն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին, առավելապես արցախցիներին
- Գոռ Հակոբյան և Մանվել Պետրոսյան՝ առևանգվել են այսօր և գերի են այս իշխանություններին
- Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվել են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին