Արցախի նախագահը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը:
Նախքան հարցերին անցնելը, Արցախի նախագահը ցավակցություն հայտնեց բոլոր զոհերի հարազատներին, նաև բենզինի պահեստի պայթյունի հետևանքով գրանցված զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթեց առողջություն։
Ինչո՞ւ հարցազրույցը չտվեց Հայասատանի Հանրային հեռուստաընկերությանը
«Իմ նպատակների մեջ է եղել հենց առաջին հարցազրույցը տալ Արցախի Հանրայինին։ Բայց հաշի առնելով այն հանգամանքը, որ Հ1-ի տաղավարում, կոնկրետ Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակներում հրավիրված անձինք հնչեցրել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, հենց այդ տաղավարից էլ ես ցանկանում էի հերքել ու պարզաբանումներ տալ այդ տեղեկություններին։ Նման կարգադրությունն էի տվել, որ պայմանավորվածություն ձեռք բերվի այդ հարցազրույցն անցացնելու համար։ Տևական ժամանակ որևէ պատասխան չենք ստացել, և ես հրաժարվել եմ այդ հարցազրույցը Պետրոս Ղազարյանի տաղավարում անցկացնել ու դրա համար անցկացնում ենք հարցազրույց հենց Արցախի Հանրային հեռուսատաընկերության հետ»։
Ինչպե՞ս առաջադրվեց Ձեր թեկնածությունը
«Այդ հարցը շատ է գեներացվում և կեղծ օրակարգ է մտցվել, նման թեզեր, թե որոշակի պադվալային պայմանավորվածությունների արդյունքում է իմ թեկնածությունն առաջադրվել։ Դա կեղծ օրակարգ է, չի համապատասխանում իրականությանը։ Իրականությունն այն է, որ Արցախի ԱԺ 5 քաղաքական ուժերից 4-ը դիմել են ինձ, և մենք բավականին երկար քննարկումներն ենք ունեցել, որից հետո որոշել են առաջադրել իմ թեկնածությունը որպես Արցախի Հանրապետության նախագահ։
2020 թվականի ընտրություններում 14 թեկնածու ենք ունեցել, այս բարդ իրավիճակում մենք գրեթե չենք ունեցել ցանկացողներ այդ բեռը վերցնել իր վրա։ Որպես թեկնածու շոշափվում էր իմ անձը և Սամվել Բաբայանի թեկնածությունը։ Իր կուսակցությունը չառաջադրեց նրան։
Ինչու են կանգնել իմ թեկնածություն վրա... Ես իմ անցած ճանապարհով, Արցախում իմ ապրած տարիները երևի թույլ են տվել այն քաղաքական ուժերին առաջադրել իմ թեկնածությունը։ Ես հասկանում էի՝ ինչ դժվար պատասխանատվություն է ընկնում իմ վրա։ Ես գիտակցաբար եմ գնացել այդ քայլին՝ հաշվի առնելով, որ ես չէի պատրաստվում լքել Արցախը, իմ ընտանիքն ապրում էր Արցախում, իմ տղան շարունակում էր ծառայել Արցախի բանակում, այս ամեն ինչը ինձ համոզմունք էր տալիս, որ անհրաժշետ է վերցնել այդ պատասխանատվությունը և փորձել դուրս գալ այս ծանր իրավիճակից։ Երբ պատերազմը սկսվեց իմ որդին բանակում էր ծառայում»։