Բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության և ամրության խորհրդանիշն է. ԵՄ դեսպան
«Վերջերս Հայաստանի վարչապետին ուղղված իր նամակում նախագահ Բայդենը վերահաստատել էր Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը։ Նախ և առաջ այս պարտավորությունը կիրառելի է և վերաբերվում է հենց Սյունիքի մարզին, որը հատկապես տուժել է տարածաշրջանային հակամարտության և արտաքին ագրեսիայի հետևանքով, իսկ վերջերս Սյունիքը ընդունել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազարից ավելի էնթիկ հայերին»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինը, ով մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Նա նշել է. «Սակայն, ի հեճուկս այս դժվարությունների և խնդիրների, Հայաստանի և Սյունիքի մարզի հանձնառությունը՝ ամրապնդել իրավունքի գերակայությունը, մնացել է անսասան։ Եվ այս հանձնառության շնորհիվ է, որ Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում»։
Սյունիքի մարզում է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նա ասել է. «Բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության և ամրության խորհրդանիշն է: «Ուզում եմ նաև մեջբերել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը՝ Գրանադայում տեղի ունեցած հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ. «Եվրոպական Միությունը Հայաստանի կողքին է, և լիարժեքորեն նվիրված է աջակցելու բանակցություններին»,-ասել է ԵՄ դեսպանը։
Վասիլիս Մարագոսը նաև նշել է, որ բացի այս նախագծից, Եվրոպական Միությունը տարբեր այլ նախագծերի միջոցով աջակցում է Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացմանը: