Մի քիչ «փրկված» ակնոց ունեմ` բերված Ղարաբաղից․․․
Երևանի Կոմիտասի պողոտայում արցախցի Մհերին այս օրերին շատերն են տեսել՝ մեկ պարկ Արցախից բերված օպտիկական ակնոցներ վաճառելիս։ Սա այն էր, ինչ Ստեփանակերտի օպտիկայի խանութից հասել է Երևան։
«Երբ առաջին օրն ասացին, որ պետք է շուտ լքենք Ստեփանակերտը, ով դուրս չգա՝ կմնա, քանի որ ադրբեջանցիներն արդեն «Կրկժան» կոչվող թաղամասից իջնում են։ Հենց առաջին օրն անմիջապես դուրս եկանք։ Որևէ մեկի մտքով չէր անցնում օպտիկա կամ այլ բան վերցնի իր հետ։ Մեկ-երկու օր հետո կապ հաստատեցինք քեռուս հետ։ Մայրս եղբորը խնդրեց, որ խանութից մի տոպրակ ակնոց բերի։ Քեռիս էլ՝ չմերժեց, բերեց։ Երևանում մոտս գումար չկար, հանեցի փողոցում դրեցի և սկսեցի վաճառել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Մհեր Գևորգյանը։
Օրական 3-5 հատ վաճառվում է։ Գևորգյանը տեղեկացրեց, որ նույնիսկ մի օր թաղապետարանից մի երիտասարդ է մոտեցել և հայտնել՝ փողոցային առևտուրն արգելված է։
«Ասացի՝ բա մի քիչ «փրկված» ակնոց ունեմ, Ղարաբաղից բերված․․․, ասաց՝ լավ, գոնե կանգառի մոտ կանգնեք, տեղ կար նստարանի մոտ, նորմալ վերաբերմունք ցույց տվեց։ Մի շատ լավ կին պատահեց, որը գնեց ողջ ակնոցները։Մի քանի օր հետո, ընկերս տեսավ, որ զբաղմունք դեռ չունեմ, ասաց՝ արի նորից մատչելի գնով կտամ, վաճառիր։ Ես նորից դուրս եկա կանգնեցի՝ ակնոցները վաճառելու»,- պատմեց արցախցին։
Մհեր Գևորգյանը ծվել և մեծացել է Ստեփանակերտում, քաղաքի կենտրոնական մասի հայտնի «կոլցեվոյ»-ում։ Ինչպես պատմում է Գևորգյանը, 1988 թ․-ի շարժումը սկսել է հենց իրենց շենքի մոտից։ Ընտանիքը բաղկացած է հինգ անձից՝ ինքը, կինը և 3 երեխաները։ Ստեփանակերտում կինը` Նարինե Առուշանյանն, աշխատել է Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցում, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։Ինչպես արդեն ասացինք, Մհերն էլ Ստեփանակերտում ունեցել է օպտիկայի խանութ, որը գործել է շուրջ 15 տարի։ Ապրել են նորմալ, բնականոն հունով, մինչև չարաբաստիկ օրը՝ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ը․․․
«Շրջափակման ամիսներին, նեղ օրերին հարմարվելով, զրկված լինելով առաջին անհրաժեշտության ապրանքներից, այդուհանդերձ որևէ մեկի մտքով անգամ չի անցել, որ տունը կթողնի ու կհեռանա ընդմիշտ։ Մենք 9 ամիս երեխաների հետ, ամեն ինչին հարմարվել էինք, չէինք պատկերացնում, որ պետք է թողնենք մեր հայրենիքը, տունը ու դուրս գանք։ Այդ մեկ ու կես օրնը այնքան ինտենսիվ էին ռմբակոծում մեր Ղարաբաղը, որ դաժանության աստիճանն անպատմելի է։ Շրջաններից եկողներն էլ էին պատմում՝ ահավոր վիճակ էր։Իբր ռուսը մեզ «գառանտ» կանգնեց, բայց տեղի ունեցավ սարսափելին։ Երեխաները դպրոցում էին, չգիտեինք տեղները,ամբողջ փողոցներն «ասկոլկաներ» էին․․․ 9 ամիս սոված պահին, մեկ օրվա մեջ էլ հարձակեցին․․․»։
Ականների պայթյունի ձայները մինչև հիմա ականջներում է։ Ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո էլ նորից շարունակել են կյանքը, ստեղծել, արարել և նորից շեշտելով ՝ երբևէ դուրս գալու մտադրություն չեն ունեցել։
«2020թ․-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ դիրքերից իջանք, տեսանք, որ խանութի լուսամուտները ջարդվել են՝ գլխավոր շտաբի մոտ տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով, որոշ չափով էլ ներսի իրերը՝ թալանված։ 2020թ․-ից հետո նորից վերականգնեցինք և ապրանքների քանակն էլ՝ ավելացրեցինք։ Նույնիսկ 2020թ․-ից հետո տուն կառուցեցի, հողատարածք ունեի, սկսեցի տուն կառուցել, նաև՝ զրուցարան, հայտնի դեպքերից ընդամենը երկու օր առաջ էինք վերջացրել»։
Մհերի փափագը մեկն է՝ նորից ազատագրել հայրենիքը,բայց այնպիսի զինատեսակներով, որ մարդկային կորուստներից հնարավորիս խուսափել լինի։
«Ուժեղ լինենք, որ ցանկացած երկիր մինչև հարձակվելը երկար մտածի ․․․ Մարդիկ չպետք է վախենան՝ իրենց հողում ապրելով»,- ասաց Մհերը։
Մհերն ընտանիքով այժմ ապրում է Երևանում՝ բարեկամի տանը։
«Մեր բարեկամները լավ դիմավորեցին տեղավորեցին մեզ։ Ապրում ենք Կոմիտասի պողոտայի վրա իրենց բնակարանում՝ առանց վարձավճարի։ Երևանից Ստեփանակերտ օպտիկա հասցնող ընկերությունների ներկայացուցիչներն էլ առաջարկել են Երևանում նույն գործունեությամբ զբաղվել՝ տրամադրելով անհրաժեշտ իրեր։ Սակայն Գևորգյանը նշում է, որ դեռ «շոկի» մեջ են և չեն պատկերացնում, ինչ պետք է անեն, որն է լինելու հետագա անելիքը։
«Ցերեկն անցնում է՝ բարեկամների, հարազատների հետ շփվելով, բայց գիշերները շատ դժվար է անցնում։ Մտքերով տեղափոխվում եմ տատիկ-պապիկի գյուղ,այգին, իմ տունը․․․
հումորով ասեմ՝ բարենպաստ պայմաններ է ստեղծվում «ալկոգոլիկ» դառնալու համար»,- կատակում է ստեփանակերտցի մեր զրուցակիցը։
Արցախցի ընկերներով, հարազատներով պարբերաբար հանդիպում են, միմյանց որպիսությունն են հարցնում։ Գևորգյանի խոսքով՝ շատերը դեռ «շոկից» դուրս չեն եկել։
«Բոլորս արդեն այսպես ասած՝ մարդամեջ ենք մտել, բայց շատերը դեռ չեն կարողանում հասկանալ կատարվածը՝ շոկի մեջ ենք։ Կամաց-կամաց, կարծում եմ, կանցնի»։
Մեր հարցին, թե արցախահայությանը տրամադրվող պետական աջակցության որևէ ծրագրից օգտվե՞լ են, պատասխանեց, որ չեն էլ դիմել։
«Չգիտենք էֆեկտ կունենա, որ դիմենք,թե՝ ոչ։ Միգուցե վստահություն էլ չկա, բայց Հայաստան գալուն պես շրջապատված ենք եղել բարեկամների ուշադրությամբ, կարիք չեղավ դիմելու»,- ասաց Գևորգյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ որդին ընդունվել է Լիտվայի միջազգային համալսարան, պետք է գնա այնտեղ ուսանելու։ Թերևս այս հանգամանքը նույնպես ընտանիքին երկմտանքի առջև է կանգնեցրել՝ ամեն ինչ սկսել սկզբից, թե՞ սպասել ։
Ամեն դեպքում Ստեփանակերտում ծնված երիտասարդին հանգիստ չի տալիս ոչ այնքան ունեզրկվելը,որը հնարավոր է վերականգնել, որքան Հայրենիքը կորցնելու տանջող միտքը․․․
Տեսանյութը և լուսանկարները տրամադրել է Մհեր Գևորգյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան