«Ոսկե սերմեր»՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Էրիկ Հաջիկյանի հիշատակին
Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հերոս, ճարտարագիտության ծրագրի ուսանող Էրիկ Հաջիկյանի հիշատակին նվիրված «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի 3-րդ կրթամրցանակաբաշխության արարողությունը։
«Դժվար է խոսք ասել պարտված պատերազմից և Արցախի Հանրապետության կորուստից հետո, երբ մենք հանձնել ենք մեր հազարավոր տղաների արյամբ ներծծված սրբազան հողերը։
Բայց նաև շատ կարևոր է առերեսվել դաժան իրականությանը, գնահատել այն ու կորցրածը վերադարձնելու ճանապարհներ գտնել․․․»,- նշում են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամից, որն էլ 2021 թ․ մայիսից իրագործում է «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» գիտակրթական ծրագիրը։ Այն նվիրված է 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին։
Ծրագրի նպատակն է ոչ միայն արձանագրել Արցախյան գոյամարտի ընթացքում անմահացած հերոսների սխրանքը, այլև այդ երիտասարդ նվիրյալների անունները շաղկապել մեր երկրի կրթության, գիտության առաջընթացի և անվտանգային համակարգի հզորացման գաղափարին։
«Այդ նպատակով մենք համագործակցել ենք Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ, ներկայացրել ու փառաբանել ենք հայաստանյան տարբեր կրթօջախներում սովորած և պատերազմի օրերին անմահացած երիտասարդների հերոսությունը, նրանց թանկ անուններով կրթամրցանակներ սահմանել՝ նպատակադրվելով օժանդակել երիտասարդ գիտնականների, գյուտարարների և մշակույթի գործիչների նոր սերնդի ձևավորմանը։
Ծրագիրը մոդելային նշանակություն է ձեռք բերել, և նույնատիպ կրթամրցանակներ են բացվել նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանում և Գևորգյան հոգևոր ճեմարանում։
ՀԱՀ ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող Էրիկ Հաջիկյանի անվան կրթամրցանակը շնորհվում է արդեն 3-րդ անգամ։ Ակադեմիական կատարելության ջատագով Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իր հերոսացած ուսանողների նկատմամբ ցուցաբերած գորովանքն ու մշտական ուշադրությունը վկայությունն են կրթօջախի մեկ այլ կարևոր մարդակենտրոն սկզբունքի՝ հայրենատեր քաղաքացիներ դաստիարակելու առաքելության։
Էրկին՝ լուսավոր երիտասարդին, օրինակելի ուսանողին և հիանալի ընկերոջը մշտապես հիշելու և հարգանքի տուրք մատուցելու հետևողականության համար շնորհակալ ենք Հայաստանի ամերիկյան համալսարանի ողջ համայնքին։ Մեր խորին հարգանքը նաև համալսարանի մյուս հերոսների՝ Շավարշ Մուրադյանի, Հակոբ Հակոբյանի, Ազիզ Աղաջանյանի, Արեգ Գևորգյանի, Դավիթ Ուզունյանի և Դավիթ Վիրաբյանի խնկելի հիշատակին։
Վստահ եմ՝ համակարծիք եք, որ մրցունակ կրթությունն ու գիտությունն են այն հիմնարար հենասյուները, որոնց վրա պետք է կառուցվի մեր հայրենիքի ապագան։ Այս մասին են երազել մեր անմահացած հերոսները՝ մեր ոսկի սերմերը, այս գաղափարներով է առաջնորդվել նաև Էրիկ Հաջիկյանը։
Դիմում եմ հատկապես ուսանողներին՝ խնդրելով երբե՛ք նշաձողեր չիջեցնել, այլ ապրել ու աշխատել այնպես, ինչպես հողում քնած մեր ոսկի սերմերը՝ մեր թանկ հերոսներն են ապրել։ Նրանց չապրած տարիներն իմաստավորե՛ք ձեր ուսմամբ և հայրենանպաստ աշխատանքով։
Մենք նրանց զարգացող Հայրենիք ենք պարտք։
«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»․ սա է ծրագրի նշանաբանը։ Մեր ոսկի սերմերից ոսկի ծիլեր են դուրս եկել․ այսօր Էրիկ Հաջիկյանի անվան երախտագիտության և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակին է արժանանում ճարտարագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Դանիել Ղևոնդյանը։ Նա մեր ծրագրի 46-րդ մրցանակակիրն է։
Շնորհավորում ենք Դանիելին և հետագա հաջողություններ մաղթում։
Էրիկի մայրիկին՝ Լիլիթ Չատինյանին, խնդրում ենք ստանձնել մրցանակի հանձնելու շնորհը։
Շնորհակալություն Հայաստանի ամերիկյան համալսարանին՝ արդյունավետ համագործակցության և անհայտ մնալ ցանկացող բարերարին՝ պարբերական ներդրումների համար։ Մեր հանձնառությունն ենք հաստատում՝ շարունակելու «Ոսկի սերմեր․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագիրը»,- նշում են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամից։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե սերմեր» 11-րդ կրթամրցանակը նվիրված է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» 10-րդ կրթամրցանակը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Յակովլևի հիշատակին
- «Ոսկե սերմեր». Կրթամրցանակ՝ նվիրված Վաչագան Մանուկյանի հիշատակին, ով հավատում էր իր հայրենիքի հավերժությանը
- «Ոսկե սերմեր». Հանձնվեց երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- «Ոսկե սերմեր». երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի անվան հարգանքի և երախտիքի առաջին կրթամրցանակակիրները
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը