Հրանտինե Հայրիյան. Ականջներումս Ասկերանի դիսպետչարական կետում ստացած զանգն է՝ մարդիկ գոռում էին, լացում...
Հրանտինե Հայրիյանի ականջներում դեռ Ասկերանի դիսպետչերական կետում ստացած զանգն է ու հաղորդումը՝ վառելիքի պահեստներում պայթյուն է տեղի ունեցել։ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսազանգերն այդ օրը չդադարեցին։ Մարդիկ զանգում էին, գոռում, լացում...
«Ես չեմ ուզում՝ որևէ մեկը զգա այն, ինչ մենք զգացինք։ Շատ դժվար էր... Մարդիկ խուճապահար էին, շատ դժվար էր հասկանալ, թե ինչ են ասում, այս ամենի մեջ նաև ինձ համար էր ընկալելը դժվարը։ Ես զանգեցի Ստեփանակերտի հերթապահ մաս, որ մեքենաները դուրս գան։ Ես միայնակ էի Ասկերանի բաժնում, զանգերը շատ էին, մարդիկ լացում էին, հարցերին չէին կարողանում պատասխանել։ Ես պատերազմն էլ եմ տեսել, բայց պայթյունն ահավոր էր, միանգամից շատ զոհեր, վիրավորներ, շտապ օգնությունն արդեն չկար։ Ես էլ նստում լացում էի, հետո հավաքում ինձ, որ գործս անեմ։ Անճարությունից չգիտեի՝ ինչ անել»,-Panorama.am-ի հետ զրույցում հիշում է 29-ամյա արցախցի կինը։
Հրանտինե Հայրիյանն ու Իրինա Գասպարյանն Արցախից դուրս եկած վերջին կանայք են։ Մինչև վերջ կատարեցին իրենց մասնագիտական պարտքը՝ ԱԻՊԾ տղամարդ ծառայողների հետ միասին։
«Չեմ վախեցել ինձ համար։ Երևի հայրենասիրությունն էր ինձ ուժ տալիս դիմանալու այդ ամենին։ Հայրս զոհվել է 1994 թվականին ապրիլի 18-ին հանուն հայրենիքի։ Ես իրեն չեմ տեսել։ Ծնվել եմ իր մահից հետո՝ մայիսի 7-ին։ Գուցե նրա հայրենասիրությունն էր փոխանցվել ինձ։ Ես չէի պատկերացնում, ոնց կարելի է թողել մեր պապերի հողն ու ջուրը»,-ասում է Հրանտինեն, ում կոչել են հոր՝ Հրանտի անունով։
Որոնողական աշխատանքներից, կանչից վերադարձած գործընկերներին Հրանտինեն հարցեր չէր տալիս՝ հոգնած էին, տխուր։
«Ռիսկ էլ չէի անում հարց տալ։ Չէի ուզում, որ վերապրեն այն, ինչի միջով անցել են»,-ասում է արցախցին։
ԱԻՊԾ-ում նա ծառայում է 2019 թվականից։ Արցախում էր նաև 2020-ին՝ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում։
«Ինչքան կարողացել ենք, օգնել ենք մարդկանց։ Նկուղներ էինք գնում։ Ընտանիքս դեմ էր, բայց գիտեր, որ ավելի շուտ դուրս չեմ գա։ Մի քանի անգամ մայրս ասաց, հետո էլ չխոսեց այդ մասին։ Հոկտեմբերի 2-ի գիշերը դուրս եկանք»,-պատմում է կինը։
Ծառայության աշխատակիցներն այս լուսանկարն արել են հոկտեմբերի 2-ին՝ Արցախը լքելուց առաջ։ Հրանտինեն սպորտային հագուստով է։ ԱԻՊԾ համազգեստը լվացել էր, թաց էր։ Համազգեստը հագած դուրս եկավ Արցախից։
«Հիմա խնամքով դրել եմ պահարանի մեջ։ Մինչև կյանքիս վերջ էլ կպահեմ»,-ասում է նա։
Հոկտեմբերի 30-ին Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է։ Հրանտինեն ու Երևան տեղափոխված մի քանի գործընկերներ հավաքվել են։
«Նշում ենք, բայց դե... մեր կենացներն այն են, որ մյուս տարի լինենք մեր հողում, այնտեղ նշենք»,-ներկայացնում է կինը։
Հրանտինեի ընտանիքն Ասկերանի Նորագյուղ գյուղից է։ Հայրենիքից դուրս եկավ սեպտեմբերի 27-ին շատ շտապ։
«Մեզ ասեցին՝ թուրքն արդեն Իվանյանից մի քիչ վերև է, դիրքավորվում է։ Մնացել էինք մի քանի հոգի։ Շտապ դուրս եկանք, տուն էլ չկարողացա մտնել։ Եկանք, տեսանք, որ իրենք արդեն դիրքավորված են։ Մեքենայից մեզ իջացրեցին, ստուգեցին, հարցրեցին՝ ուր եք գնում։ Բաց թողեցին։ Եկանք Ստեփանակերտի փրկարար ծառայություն։ Մի քանի օր այստեղ մնացինք։ Մարդկանց տարհանեցինք։ Մի քանի հոգին էլ որ մնացել էին իրենց կամքով, չուզեցին դուրս գալ։ Միայնակ տարեցներ էին...երևի դժվար էր թողնել հարազատ տունը, չգիտեմ»,-պատմում է նա։
Արցախցի կինը շատ է մտածել՝ եթե Արցախ մեկնելու հնարավորություն լիներ, ինչ կվերցներ իր հետ։
«Հորս աճյունը... Գալուց մի բուռ հող եմ վերցրել հորս գերեզմանից։ Արցախի ամեն սանտիմետրը սուրբ է... Ես պատրաստ եմ առաջինը վերադառնալ Արցախ, եթե հնարավարություն լինի այնտեղ ապրել առանց թուրքի»,-ասում է Հրանտինեն։
Նա սոցկայքերի ադրբեջանական տիրույթում փնտրում է իր գյուղից լուսանկարներ, տեսանյութեր։ Իվանյանից շատ են նյութեր հրապարակում, հարևան Նորագյուղից որևէ բան դեռ չի գտել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան